«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը» (լուսանկարներ)
«Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»,- ասել է գրող Նաիրի Զարյանը Գուրգեն Ջանիբեկյանի մասին:
1897թ. հենց այս օրը Երևանում ծնվել է ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Խաչատրյան): 1917 թ-ին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թ-ին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922 թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թ-ից Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965–67 թթ-ին՝ նաև տնօրեն): 1940–49 թթ-ին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947–49 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը:
Դերերից են նաև՝ Բագրատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Գառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Մարգար (Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»), Իվան Գոռլով (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Վառավին (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Արթուր Միլլերի «Գինը»), Կլաուզեն (Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Օթելլո, Քենտ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ջեմս Բրոուդի (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Ջանիբեկյանը ռադիո- և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր:
Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի):
Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:
Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., «Սարոյան եղբայրներ», 1968 թ. «Հնձան», 1973 թ., «Ժայռ», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի:
Գուրգեն Ջանիբեկյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1952 թ.): Գ. Ջանիբեկյանը մահացել է 1978 թ. սպտեմբերի 27 -ին Երևանում:
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»,- ասել է Վահրամ Փափազյանը:
Նկարիչ՝ Վաղինակ Ասլանյան, (1972)
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը