ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող բրիտանացին Թուրքիայի քաղաքացիություն է ստացել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մելվութ Չավուշօղլուն Ուոլտերին Թուրքիայի նույնականացման քարտը հանձնել է Լոնդոնում՝ Թուրքիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ, գրում է Daily Sabah-ը։
Ուոլթերն իր շնորհակալական խոսքն ասել է թուրքերենով և նշել, որ շատ ուրախ է, որ դարձել է Թուրքիայի քաղաքացի և անհամբեր սպասում է թրքուհի կնոջ հետ Թուրքիայում ժամանակ անցկացնել։
Ուոլթերը ամուսնացել է թուրք Ֆերդի Ալպի հետ 2011թ․-ին։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է նաև այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Մելվութ Չավուշօղլուն։ Ուոլտերը ԵԽԽՎ-ում Անգլիայի պատվիրակության անդամ էր 2007թ․-ից, որտեղ ակտիվորեն աշխատում էր Ադրբեջանի օգտին։ Եվ պատահական չէր նաև Ուոլտերի շահագրգռվածությունը՝ 2014թ․-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի պատրաստմանը, այնուհետ զեկուցող դառնալու գործում։ Ադրբեջանցի լոբբիստը դարձավ զեկուցող 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով։
Այս ամենից արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե Լեռնային Ղարաբաղի մասին ինչպիսի զեկույց է նախապատրաստում Ռոբերտ Ուոլթերը, ով արդեն իսկ փաստահավաք այցով եղել է Ադրբեջանում։ Զեկուցողը նաև դիմել է հայկական կողմին՝ փաստահավաք այցով լինել նաև Հայաստանում։
Ուոլթերի ծառայությունները Ադրբեջանին բազմաթիվ են, որի արդյունքում էլ նա ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցում։
Ռ. Ուոլթերը «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է և ակտիվորեն պրոպագանդում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Ուոլտերն էր, որ ԵԽԽՎ-ում տապալեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ղեկավարում էր ԵԽԽՎ պատվիրակությունը՝ 2013թ․-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում, որոնք գնահատվեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն գնահատել էր ոչ ժողովրդավարական։
Աննա Մկրտչյան