ԲարՔեմփը հարթակ է ստեղծագործ միտքը խթանելու համար. Սամվել Մարտիրոսյան
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է յոթերորդ «Բարքեմփ Երևան-2015» ոչ պաշտոնական չկոնֆերանսը։ Կոչվում է չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այս տարի մասնակիցների թիվն անհամեմատ մեծ է, միջոցառմանը մասնակցելու համար արդեն դիմել է 2500 հոգի: Հյուրեր կան Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից: Այսպիսով, ըստ նրա, այն կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինժեներների, բլոգերների, առցանց լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների։
«Չկոնֆերանսը ենթադրում է, որ կանցկացվեն վարպետության դասեր, սակայն մյուս կողմից այն բոլոր երիտասարդ մասնագետներին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն է տալիս: ԲարՔեմփը յուրահատուկ հարթակ է ստեղծագործ միտքը խթանելու համար, այստեղ գործում է հավասարության սկզբունք և ինչպես կայացած մասնագետները, այնպես էլ սկսնակները կարող են անկաշկանդ մթնոլոտում քննարկումներ ծավալել»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Նշենք, որ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Այսպիսով, մասնակիցները կքննարկեն համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։
Նշենք, որ «ԲարՔեմփը» առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։