Շվեդիայի Օրեբրո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Շվեդիայի Օրեբրո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվել է քաղաքային իշխանությունների կողմից Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի առաջարկության հիման վրա։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառմանը մասնակցել են նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։
Բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել այցով Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։
Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձել է նման հուշարձանների բացման կարևորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի և հույն համայնքների համար կարևոր սրբատեղի, կվերածվի նաև Օրեբրոյի բնակչության միասնականության և փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես կգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։