Լքված կնոջ կողքին մրջյուններն են հավատարիմ մնացել (լուսանկարներ)
59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը պառկած է դիմավորում տան հազվադեպ այցելուներին: Դեռ դռան շեմից զգալի է գարշահոտը, իսկ ծեր կնոջն հատկացված փոքրիկ սենյակի լուսավորությունը պատուհանից ընկած արևի ճառագայթներն են ապահովում, մի անկյունում մաշված սեղանն է, կողքին ժանգոտած ցանցով մահճակալը, հատակին հագուստ է ու անկողին՝ կեղտոտ, քրքրված, մեզի հետքերը վրան:
Արդեն մի քանի ամիս է` մեկ դիրքով անշարժ պառկած է տիկին Արմիկը: Երբեմնի ընկերուհիները մեկ-մեկ ուտելիք են բերում, նույն պառկած դիրքով մի քանի կտոր կամ ուտում է կամ հրաժարվում ուտելիքից: Կնոջ հետ նրա բաժին ուտելիքից օգտվում են մրջյունները, որոնք առանց արգելքի վխտում են նրա շուրջբոլորը՝ մազերին, հագուստի վրա:
Անորոշ հայացքով տիկին Արմիկն ասում է՝ մեջքն է ցավում, չի կարողանում շարժվել, օգնում ենք նստել, բայց վերադառնում է նախկին դիրքին:
Հարազատները, ասում են, վերցրել են կնոջ ունեցած ոսկեղենը, անհետ կորել, երես են թեքել նրանից, չեն այցելում, չեն հետաքրքրվում, իսկ ամուսնու դուստրը, ընկերուհու պատմելով, մեկ-մեկ ուտելիք է բերում տիկին Արմիկին, մաքրում շուրջը, հեռանում: Անօգնական կինը մինչև վերջերս Ավանում գտնվող ոստիկանության հոսպիտալի լվացքատանն է աշխատել, մաքրել-լվացել է հիվանդների անկողինները, բայց հիմա նրա անկողինը մաքրող չկա:
Ընկերուհու բերած կեռասը ուրախացնում է տիկին Արմիկին, վերցնում է տոպրակը ու ուղղահայաց դիրքով դեպի վեր պահած անուժ ձեռքերով երկար ժամանակ փորձում է բացել ու մի քանի «գիլաս» այնուամենայնիվ, կարողանում է ուտել: Տիկին Վարդուշը Արմիկ Մարտիրոսյանի ընկերուհին է, ասում է` սիրտը ցավում է խեղճ կնոջն այդ վիճակում տեսնելով ու ամեն ճանապարհ փորձել են նրան ոտքի կանգնեցնելու, բայց ապարդյուն՝ ոչ մեկ չի արձագանքել: Ակնոցը դնում է աչքերին, բացում տետրը ու թվարկում է. «Ընկերուհիներիս հետ միասին զանգել ենք Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, Առաքելություն Հայաստան բարեգործական կազմակերպություն, Աբովյանի Նարեկ ծերանոց, սոցնախարարություն, առողջապահության նախարարություն, անգամ 911 ծառայություն ենք զանգել ու ոչ մի բանով օգնություն ցույց չեն տվել, որ գոնե կինը իրեն մի քիչ կին զգա: Բոլորն էլ ասել են վճարովի է»:
Ասում է կնոջ գլխում փոքր ուռուցք կա, ախտորոշել են, որ չարորակ չէ, բայց «փող են ուզում» վիրահատելու համար: Լքված կնոջ ցանկությունը գոնե ծերանոցում նորմալ ապրելն է, որտեղ ընկնելն այդքան դժվար է դարձել նրա համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները