Տոնական և հեքիաթային օր՝ երեխաների համար
Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Աշխարհում երեխաների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում` 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը, 1989թ. ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., իսկ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Օրվա առիթով կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց միակ նպատակն է՝ երեխաների համար օրը դարձնել տոնական, հեքիաթային:
Օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։ Այսօր ժամը 14։00-ին բացվելու է նաև հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգին:
Այսօր մի շարք այլ միջոցառումներ էլ են անցկացվելու՝ կեսօրից մինչ 15։00-ն Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար, 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, 20։00-22։00-ն Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է:
Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպվելու են հետաքրքիր միջոցառումներ: Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը կմասնակցի Մարի Իզմիրլյան մանկատանը կայանալիք միջոցառմանը, որտեղ ելույթ կունենա փոքրիկ Հովհաննեսը: Ավանի ս. Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տ.Հարություն քահանա Ավագյանը կայցելի Ավանի բարեգործական ճաշարան:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նույնպես անակնկալներ է պատրաստել երեխաների համար: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու «Արևի ձեռքեր»,«Ստեղծիր քո դրոշը» ստեղծագործական նախագծերին, դիտելու տիկնիկային ներկայացումներ, բոլոր մասնակիցներին անսպառ ուրախություն կպարգևեն խաղավարներն ու ծաղրածուները: Ժամը 20:00-ին կմեկնարկի «Խաղ ու պար» մանկական համերգային ծրագիրը (գեղարվեստական ղեկավար՝ Զառա Պետրոսյան): Մի շարք ճանաչված մանուկ և պատանի երգիչներ և պարային խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Միջոցառումը կավարտվի ժամը 22:00-ին տոնական հրավառությամբ:
Հունիսի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա մանկական ցուցահանդես` «Ո’չ ցեղասպանությանը» խորագրով, նվիրված 1915 թվականին նահատակված երեխաների հիշատակին. (Երեխաների պաշտպանության օրվա առթիվ): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի Ազգային պատկերասրահից: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերի՝ Ալավերդու, Գավառի, Մարտունու, Սիսիանի և Ջերմուկի պատկերասրահների մրցույթ-ցուցահանդեսներում հաղթած երեխաների 57 լավագույն աշխատանքները։