Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսում շուրջ 2600 հոգի մարդ է սպանվել
Մարդու իրավունքների հարցերով Եգիպտոսի պետական խորհրդի ղեկավար Մոհամմեդ Ֆեյեքի խոսքով` Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսում ավելի քան 2600 մարդ է սպանվել, որոնք հիմնականում եղել են Մուրսիի կողմնակիցները: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Իրավապաշտպանների կողմից տրամադրված սպանվածների քանակի մասին տեղեկությունները ներառում են 2013 թվականի հունիսի 30-ից մինչև 2014 թ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը:
Ինչպես հաղորդվում է` Մոհամմեդ Ֆեյեքի խոսքով, միայն 2014 թվականի վերջին կային ավելի քան 700 սպանված ոստիկաններ և շուրջ 550 խաղաղ բնակիչներ:
Նշվում է, որ Եգիպտոսում բռնությունները իրենց գագաթնակետին հասան հատկապես 2013թ օգոստոսին, երբ ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրեցին Մուրսիի աջակիցների ցույցը: Ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել էր ավելի քան 600 մարդ:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Եգիպտոսում սպանվածների շրջանում մեծ թիվ են կազմում նաև այն մարդիկ, ովքեր բռնությունների են ենթարկվել բանտերում:
2013 թ հուլիսին ժողովրդական դժգոհության ալիքի ֆոնին Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց այդ ժամանակ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին` երկրում հայտարարելով անցումային փուլ: Ներկա պահին Մուրսին 20 տարվա բանտարկության է ենթարկված: Վերջինս մեղադրվում է 2012 թվականի դեկտեմբերին նախագահական նստավայրի դիմաց անկարգությունների շրջանակներում ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տալու մեջ: