Հայաստանում տեղային որդեգրումները քիչ են. Գեղանուշ Գյունաշյան
«Բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկության համար չարիք են դառնում, նրանք մանկության տարիներին տրավմաներ են ունեցել: Դրա համար պետք է այնպես անել, որ լուսավոր լինի երեխաների մանկությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
Նա նշեց, որ հատուկ խնամքի կենտրոնների երեխաների 70 տոկոսը հաշմանդամություն ունեն. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղքատությունը խորանում է այն ընտանիքներում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա կա: Այս խնդիրն առկա է բոլոր երկրներում»:
Ըստ նրա, այսօր գիշերօթիկներում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերի երեխաները. «Ընտանիքի հայրերը գնում են արտագնա աշխատանքի, հաճախ այլևս չեն վերադառնում: Միայնակ մայրերը շատ ժամանակ չեն կարողանում բավական ռեսուրս գտնել ու մեծացնել իրենց երեխաներին, հատապես մեկից ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: Միտումները չեն պակասում»:
Գ. Գյունաշյանը նշեց, որ խնդրի լուծման համար պետք է ավելացնել այլընտրանքային, ցերեկային կառույցները: Ըստ նրա, վիճակագրության համաձայն, տարեցտարի մանկատներում նվազում են երեխաների թիվը:
«Ծնողների հետ աշխատանքը տալիս է արդյունք, նրանք իրենց երեխաներին վերադարձնում են տուն: Այսօր մեր խնդիրն է՝ համայնքային մակարդակում ունենալ հատուկ այլընտրանքային կենտրոններ, սոցիալական աշխատող, որոնց աշխատանքի արդյունքում ամրանում է ընտանիքը»,- ասաց սոցապնախարարության պաշտոնյան:
Այսօրվա դրությամբ պետական մանկատներում 700 երեխա կա: Նա նշեց, որ թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը վերակազմակերպվել է: Գիշերօթիկի 40-ից ավելի երեխա վերադարձել են ընտանիք, վեցի հարցը պետք է լուծվի այնպես, որ կրկին նմանատիպ հաստատություն չվերադառնան:
Խոսելով որդեգրման մասին, Գ. Գյունաշյանը նշեց, որ տեղային որդեգրումները շատ քիչ են. «Այստեղ հիմնականում մեկ-երկու տարեկան երեխաների են ցանկանում որդեգրել, իսկ այդ տարիքի երեխաները հանձնվում են մանկատուն այն դեպքում, եթե հաշմանադամություն են ունենում, իսկ այստեղ նման երեխաների չեն որդեգրում: Մեծ տարիքի երեխաներ չեն ցանկանում որդեգրել: Հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրում են օտարազգի զույգերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան