Վերաբացվեց «Հայաստան» կինոթատրոնը
Հաճելի, ուրախ և հարմարավետ ժամանցի սիրահարներն այսուհետ կարող են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոն, որն երկու տարի տևած վերանորոգումից հետո այսօր իր դռներն է բացել:
Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերադառնում է իր առաքելությանը: 1996թ-ին կինոթատրոնը սեփականաշնորհվել է և երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն: 2013թ-ին ընկերության նոր հիմնադիրները որոշել են ստեղծել ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն:
Կինոթատրոնի բացմանը արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը և պաշտոնատար այլ անձինք:
Շենքի նախկին սեփականատեր Արմեն Ամիրյանը նշեց, որ այն նմանօրինակը չունեցող, բազմաֆունկցիոնալ, բարձրակարգ, որակյալ գերժամանակակից կենտրոն է. «Երկու տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող գեղեցիկ ճարտարապետական կառույցում կարելի է դիտել համաշխարհային բոլոր կինոպրեմիերաները: Հիմնադիրները փորձել են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիլմեր կդիտեն, այլև իրենց ընկերական կամ ընտանեկան ժամանցը կանցկացնեն»:
Արմեն Ամիրյանը նշեց նաև, որ իր կյանքի երջանիկ օրերից է համարում այս օրը, քանի որ տեսնում է վերակառուցված կինոթատրոնի բացումը. «Կինոթատրոնը պարապուրդի էր մատնված, քանի որ չկար ներդրումների հնարավորություն, մենք փորձեցինք սպասել անքան ժամանակ, երբ կհայտնվեն ներդրողներ, ովքեր պատրաստ կլինեն կինոթատրոն, մշակութային կենտրոն կառուցել: Այսօր ինձ համար ուրախալի, բացառիկ օր է, քանի որ կինոթատրոնը վերաբացվում է որպես կինոթատրոն և «Հայաստան» անվանումով»:
«Հայաստան» կենտրոնի տնօրեն Էմիլիա Հարությունյանի խոսքերով` «Հայաստան»-ը կարող է մրցակցել աշխարհի լավագույն կինոթատրոնների հետ. «Կարող եմ ասել, որ «Հայաստան» կինոթատրոնը միակն է, որ ունի հզոր, նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաներ: Մենք աշխատում են սերվերային տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պահպանել ֆիլմարտարդողների հեղինակային իրավունքները: Ֆիլմի հեղինակային իրավունք ունեցող ընկերությունն իր ներկայացուցչի միջոցով կապ է հաստատում պատվիրատուի հետ և կնքում պայմանագիր, որի մեջ ներառվում են պայմանները՝ ֆիլմի ցուցադրման ժամկետներն ու քանակը: Պայմանագիրը կնքելուց հետո ֆիլմն ինտերնետային եղանակով ներբեռնվում է պատվիրատու սերվեր, որտեղ մնում է այնքան ժամանակ, ինչքան նշված է պայմանագրում: Ժամկետը լրանալուն պես ֆիլմն ինքն իրեն անհետանում է սերվերից»:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը կինոթատրոնի բացմանը նախ շնորհակալություն հայտնեց Արմեն Ամիրյանին, ով դժվար տարիներին շենքը գնեց, բայց չսարքեց մեքենաների սրահ կամ առևտրի կենտրոն՝ ասելով, որ կգա ժամանակ և այն կգործի որպես կինոթատրոն:
«Նշեմ նաև, որ առաջին կինոթատրոնը Երևանում բացվել է 106 տարի առաջ Ջանփոլադյան ընտանիքի կողմից: Ջանփոլադյանները մայրիկիս քեռիներն էին: Երկրորդ կինոթատրոնը՝ «Նաիրին», բացվել է 100 տարի առաջ՝ Արշալույս Մարտիրոսյանի կողմից, որը նույնպես մայրիկիս քեռին էր, ուստի պատահական չէ, որ ես անմիջական կապ ունեմ կինոյի հետ»,- ավելացրեց Ռ.Գևորգյանցը:
Նշենք, որ կինոթատրոնն այս տարի իր դռները կբացի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնային ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ: Կինոթատրոնում նախատեսվում է 2-3 ամսից ունենալ նաև երաժշտական ժամանցի կենտրոն: Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, վերանորոգվել են այգու շատրվանները, նոր լուծում ստացել այգու և շենքի լուսային ձևավորումը: