Ինչո՞ւ է մարզերում բուժսպասարկումն անորակ. Մտահոգություն առողջապահության նախարարին
Մարզերում գործող բժշկական հիմնարկներում աշխատող բժիշկները այս տարի հնարավորություն ունեն առաջնահերթ կարգով վերապատրաստվել երկու խոշոր կլինիկաներում, որոնց հետ արդեն կա փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը պատասխանում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մտահոգությանը, որը վերաբերում էր մարզային բուժհաստատություններում մասնագետների ցածր որակին: Պատգամավորն ասում էր, որ մարզերում հղի կանայք որակյալ բուժսպասարկում չեն ստանում և ստիպված են լինում հասնել մայրաքաղաք:
«Մարզային բուժհաստատություններում կաղում է բժիշկների բարձր որակը, հիվանդը չի կարողանում նորմալ բուժսպասարկում ստանալ», -նկատեց պատգամավորը:
Նախարարի խոսքով, վերապատրաստում կանցնեն այն բժիշկները, ովքեր աշխատում են ժամանակակից սարքավորումներ ունեցող բուժհիմնարկներում, գիտեն լեզուներ և ունեն վերապատրաստվելու ցանկություն:
«Ընդհանրապես, մարզերում կադրային քաղաքականությունն իրականացվում է երեք հիմնական սկզբունքով. Բժիշկների գերարարտադրություն, ինչը բաշխվում է նաև մարզերով, նպատակային` երբ պատրաստում են մասնագետ կոնկրետ մարզի համար և երրորդ սկզբունքը տարածքային կառավարման մարմիններից է կախված, որոնք համապատասխան պայմաններ են ստեղծում, որ լավագույն բժիշկներն իրենց մոտ մնան»,-ներկայացրեց նախարարը:
Պաշտոնյան նկատեց, որ բժիշկը «մեծագույն արժեք է» և նրանց պետք է լավ նայեն և պետական կառավարման մարմինները, և համայնքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա