Անզուգական Լուսինե Զաքարյանը (տեսանյութ, լուսանկարներ)
«Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները»: Խոսքը Լուսինե Զաքարյանի մասին է: Խոքերի հեղինական է պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը:
1937 թ. հենց այս օրը Ախալցխայում (Ջավախք) ծնվել է Լուսինե Զաքարյանը: 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրել է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է եղել:
Այնուամենայնիվ, Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրել է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել:
Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է եղել Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրել է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորել է իր ողջ կյանքի ընթացքում: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորել է հայերեն և գրաբար, և նվիրվել հայ հոգևոր երաժշտությանը:
«Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը:
Նա կարողացել է անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացել է եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական:
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը, Վ.Դավթյանը, Պ.Սևակը, այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
«Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»,- ասել է Պարույր Սևակը:
Լուսինեն մահացել է 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
«Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
«Lusine Zakaryan Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կազմակերպում են այցելություն երգչուհու շիրիմին, Ս. Գայանե եկեղեցու բակում, որտեղ կլինի հիշատակի խնկարկման արարողություն։
Լուսանկարները՝ «Lusine Zakaryan Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան էջից: