Առայժմ հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը
Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը կառուցվում է և արդեն այս տարվա հուլիսին կավարտվեն այդ կառույցի շինարարության առաջին փուլի աշխատանքները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարցին, թե երբ է պատրաստ լինելու ուռւոցքաբանության նոր կենտրոնը, որպեսզի «մեր հիվանդները չտեղափոխվեն արտասահման հսկայական ծախսերով քաղցկեղ բուժեն»:
Այդ Կենտրոնը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից և պետական միջոցներով, Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Նախարարի խոսքով, արդեն հիմնադրվել է իզոտոպային արտադրությունը, ցիկլոտրոնը տեղադրված է և մոնտաժային աշխատանքներ են ընթանում:
Հիվանդանոցային շինարարության փուլում և ներդրողը, և Համաշխարհային բանկը, ըստ Մուրադյանի, բանակցությունների փուլում են և այդ պատճառով էլ այժմ ժամանակը ձգձգվում է:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրով նախատեսվում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տարածքում հիմնել Հայաստանի Հանրապետությունում Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման և Քիմիաթերապևտիկ և վիրաբուժական կենտրոններից բաղկացած Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն:
Ծրագրի շրջանակում 2012 թվականի սեպտեմբերի 18-ին սկսվել են Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարության աշխատանքները, որոնց ավարտին` 2013 թվականի վերջին, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում կտեղադրվեն միջուկային բժշկության կարիքների համար պետության կողմից ձեռք բերված ցիկլոտրոնը և ինտեգրված սարքավորումները: Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել էին, որ աշխատանքներ են տարվում Ծրագրի իրականացմանը ներդրողների և մասնավոր գործընկերների ներգրավման ուղղությամբ:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման արդյունքում կկազմակերպվի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ ռադիոիզոտոպների տեղական արտադրությունը, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում