Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի (Լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2014-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։
Հանրապետության Նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հա տարածքից մինչև վերանորոգումը միայն 7 հա-ն էր կենդանաբնակ և օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հա-ի։
Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ, լուսավորությունն ունենալու է նաև գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել և վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։
Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7,000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ծաղկային ձևավորման աշխատանքներ։ Յուրօրինակ տեղանքային լուծումներով կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել և թարմացվել են այգու խաղահրապարակները։ Կառուցվել է նոր խաղահրապարակ, որում առաջին անգամ տեղադրվել են ներառական նշանակության մանկական խաղահրապարակներ (ընդհանուրի 1/3 մասը)։
Այգում զբոսանքն ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով ձեռք են բերվել և շահագործվելու են էլեկտրամեքենաներ։ Վերակառուցվել է այգու անցակետը, որն ապահովված է էլեկտրոնային հսկիչ և գրանցող սարքավորումներով։