Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան. Տ. Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ.
«Սիրելի երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ու ես, սիրելի մանուկներ, բոլորիդ շնորհավորում եմ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:
Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան ու ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին անում է հնարավորը, որ ձեր առօրյան լինի հետաքրքիր, ձեր բակն ու, ընդհանրապես, շրջապատող միջավայրը, մեր ամբողջ քաղաքը լինի հարմարավետ ու գեղեցիկ նաև ձե՛զ համար: Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ: Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»: