Մաքսանենգության համար թուրք դիվանագետներ են ձերբակալվել
Թուրքական դիվանագիտական կորպուսում ծառայություն իրականացնող երկու դիվանագետներ ձերբակալվել են անօրինական ճանապարհով թմրանյութեր և ծխախոտներ անցկացնելու համար: Հաղորդում է «Today's Zaman» պարբերականը:
Ինչպես հաղորդվում է, ձերբակալված դիվանագետներից մեկը աշխատելիս է եղել Իրանի Ուրմիա քաղաքի թուրքական հյուպատոսարանում: Վերջինս ձերբակալվել է Վանի շրջանում, այն բանից հետո, երբ ոստիկանական ստուգումների արդյունքում պարզվել է, որ դիվանագիտական անցագիր ունեցող մեքենայով փորձել է հերոինի մեծ քանակություն տեղափոխել:
Մյուս ձերբակալվածը Բաքվում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցն է, ով փորձել է վրաց-ադրբեջանական սահմանով անօրինական ճանապարհով և կրկին դիվանագիտական անցագիրը օգտագործելով շուրջ հարյուրից ավելի տուփ ծխախոտ անցկացնել:
Թուրքական պարբերականները, անդրադառնալով այս դեպքերին, գրում են, որ Թուրքիայի դիվանագիտական կորպուսում նման դեպքերը սովորական են դարձել և հաճախ են տեղի ունենում հատկապես Ասիայում և Աֆրիկայում դիվանագիտական ծառայություն իրականացնող թուրք դիվանագետների մասնակցությամբ: Ինչպես նշում են պարբերականները, սակայն մաքսանենգության այս և շատ այլ դեպքերի մանրամասներ չեն դառնում հանրության սեփականությունը: Միաժամանակ հաղորդվում է, որ այս պահին բազմաթիվ դատական գործեր են հարուցված: