Պայքար ընդդեմ քաջնազարության՝ ըստ ռեժիսոր Արմեն Ռոնովի
«Կերպարները գլուխները թաղել են իրենց անչափելի երկերեսանիության ու դեղնոտ ընչաքաղցության մեջ…Հերոսներն ու հերոսուհին մարդիկ են, ովքեր ներկայացնում են հայկական, մշակութային ազգն ու ազգային իրավունքները և միևնույն ժամանակ «մաքուր» խղճով կողոպտում են այդ նույն ազգը»:
Այս ամենի մասին է ռեժիսոր Արմեն Ռոնովի «Քաջ Նազար» ֆիլմը, որի պրեմիերան ոչ թե Հայաստանում է կայանալու, այլ Արևմուտքում: Իսկ Հայաստանում՝ միայն փակ դիտում:
Ինչո՞ւ: Այս և այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Արմեն Ռոնովի հետ:
- «Քաջ Նազար»՝ ըստ Արմեն Ռոնովի: Ինչի՞ մասին է ֆիլմը և ինչո՞ւ որոշեցիք հենց այդ թեմային անդրադառնալ:
-Ես ժամանակի հրեշտակներից մեկն եմ: Այսինքն զգում եմ և Արևմուտի, և Արևելքի քամիները որտեղ են բախվում իրենց գաղափարախոսությամբ և մտքով, և ինչ կառուցողական եզրակացություն, արդյունք կարելի է այդ ամենից անել: Երևի թե «Քաջ Նազարը», որը միջնադարի ծնունդ է, կամ ավելի շուտ՝ մարդկության հետ ծնունդ առած մի վարքագիծ, որն արխետիպով ցույց է տալիս մեր ներկան, անցյալն ու ապագայի բորոտությունները, ախտերը, որոնք մեզ թույլ տվեցին ժամանակին հայտնաբերել պենիցիլինը: Ֆրանսիական ծագում ունեցող ժողովրդական բորոտի՝ Ջիկոյի կերպարը ներմուծելով Արևելք, մեր հեղինակներ Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Թումանյանը ժամանակին ուսումնասիրելով այդ կերպարի բնույթը, նրան կոչեցին Քաջ Նազար՝ տեսնելով, որ մեզանում էլ կա ախտը՝ անբանությունը, որը մարդկությանը տանում է կործանում: Մենք ախտորոշումից հետո պետք է եզրակացություններ անեինք՝ սկսած միջնադարյան կրոնական, քաղաքական, թշնամական դավերից: Ոչ մի բան չենք ձեռնարկել:
Մինչ օրս Քաջ Նազարի ախտը մեզ հետապնդում է, և մենք՝ որպես ազգ, որը բացի արիականությունից, էվոլյուցիան ապրող միջոցից, ունի իր հետադիմական կերպարը, ինչպես բոլոր ազգերը: Երբ հետադիմությունը հետապնդում է ազգերին, նրանք փորձում են ախտի դեմ պայքարել և պայքարի միջոցով էքսպերիմետ անել վերածնունդի առումով, ինչպես բոլոր ժամանակներում արեց Արևմուտքը: Արևելքը երբևէ վերածնունդ չի ունեցել, երբևէ չի ըմբոստացել: Արևելքն ունի իր կերպարը, «Ֆեյսբուքը», որտեղ հավաքագրում է միայն ընկերներին՝ մերժելով թշնամությունը, ախտերը: Այսինքն, առաջին հայացքից սա բուժհիմնարկի է նմանվում, որը որ ինքնաբուժությամբ փորձում է վերածնունդ ապրել՝ չհայտարարելով այդ մասին: Եթե դա գաղտնիաբար եք անում, խուճապն է դառնում մեր հիմնական վարքագիծը: Հիմա էլ տեսնում եք, որ մեր ազգը խուճապի է մատնված, զգում է, որ հողը գնում է իր ոտքերի տակից:
Ֆիլմն այդ ամենի հետևանքի պատկերումն է, այդ ամենը պատկերացած է պոստմոդեռնիստական նատուրալիզմի տեսակով: Ես դա կոչում եմ երրորդության փրկադաշտ. ժանրային առումով ներմուծում եմ վավերագրությունը, գեղարվեստական լուծումը, անիմացիոն պատկերը՝ միասին ստանալով այդ երրորդությունը: Միանշանակ հերքում եմ, որ կինոյում կա հաստատակամ արվեստի տեսակ: Կինոն չունի տեսակ, երբևէ չի էլ ունեցել, երիտասարդ է որ մի բան ունենա: Երկար ճանապարհ պետք է անցնի: Միակ ճանապարհը նրան չզսպելն է, ինչպես արվում է Հայաստանում, իմ առջև: Շատ կինոգործիչների, համակարգի կողմից զսպեցվում է էքսպերիմենտը:
-Ինչո՞ւ:
-Ես էլ չգիտեմ, թե ինչու, բայց հասկանում եմ, որ մոնոպոլիզացվում է կինոդաշտը: Այն միանշանակ պետք է ազատագրված լիներ բոլոր տեսակի կառչանքներից, կուռքերից, մինչդեռ ուզում են հին ժամանակների կինոգործիչներին դարձնել մեր կուռքները, մենք էլ նրանց պաշտենք:
Լենինը հնարավորություն տվեց, որ կինո լինի, ասաց որ կինոն պետք է պետական ծագում ունենա, ժամանակի խրոնիկան պետք է պետության ամենամեծ անվտանգության համակարգերից մեկը լինի: Եթե կա անվտանգություն, ԿԳԲ, պետք է այն լինի կինոյի հովանավորը: Բոլոր տեսակի իզմերն առաջացան ազատ կոմունիստական դաշտում, իսկ մենք դեպի հետ ենք գնում, որ բոլորը պետք է կուռք դառնան, մենք պաշտենք: Դա ամենամեծ քաջնազարիզմն է, որը մեզ տանում է կործանման: Ոչ կրոնը, ոչ կուռքերի հիշողությունը, ոչ պատմության աղավաղումը մեզ կբերի փրկության դաշտ:
Քաջ Նազարը պետք է մահանա: Ջիկոն էլ մահացավ, Ջիկոյի սերունդը դարձավ նորմալ սերունդ: Քաջ Նազարը դարձավ ավելորդ: Այս ֆիլմն այն մասին է, որ մենք փակում ենք Քաջ Նազարի էջը, մենք էլ Քաջ Նազարին չենք անդրադառնալու: Վերջացավ: Ոնց որ մենք էլի անդրադառնաք ստալինյան, կամ ավելի վաղ՝ կռուպների ժամանակաշրջան, ովքեր նացիզմն էին հովանավորում, ու ասենք գիտեք ինչ կա՝ կռուպներ, գիտեք ինչ կա օլիգարխներ, եկեք նացիզմը վերականգնենք ու արշավանք սկսենք Թուրքիայի դեմ, եկեք, հովանավորեք, մեծ բանակ սարքենք, պատերազմ հայտարարենք Թուրքիային: Բա օլիգարխիան էլ ինչի՞ համար է, էլ ինչի՞ է ծառայելու՝ մեքենաներ գնելու, բնակարաններ վերանորոգելու: Դա նորմալ չէ:
-Պարոն Ռոնով, Ձեր ֆիլմն ո՞ւմ է ուղղված՝ հասարակ ժողովրդին, թե քաջնազարներին:
-Հասարակ ժողովուրդ գոյություն չունի: Կա բարդ ժողովուրդ: Հասարակ ժողովուրդ տերմինը պետք է թաղել Արաքսի մեջ, որ ջուրը տանի: Կա բարդ, մտածող ժողովուրդ, կան լակեյներ, օլիգարխներ, մանարխներ, պատմության աղավաղողներ, հին կինոգործիչներ: Այս բոլորին պետք է «Մատյան ողբերգության» միջոցով, այսինքն երջանկակրոն ու երջանակամիտ աղոթքներով, մաքրագործել, մաքրել այդ պատմությունը, ջնջել: Նոր էջ, նոր կյանք, նոր վերածնունդ՝ այս կարգախոսով գնալ առաջ: Ուղղված է բոլորին, սկսած լակեյներից, մինչև բարդ ժողովուրդը:
-Մտավախությո՞ւն չունեք, որ հանդիսատեսի կողմից չի ընդունվի, հալածքներ սկսվեն Ձեր դեմ:
-Հալածքները շարունակվում են իմ դեմ, ինձ համար նորություն չէ: Ամեն կերպ, ամեն քայլափոխի ես դա զգում եմ, բերում է նրան, որ վերջնականապես գաղթեմ: Հիմա ես էլ եմ կանգնած գաղթի ճամփին՝ չունենալով ազատ ստեղծագործելու հնարավորություն, չկարողանալավ արտահայտվել, առաջին հերթին ցուցադրվել, քանի որ ճգնանք է դառնում ցուցադրվելը: Ազգային կինոկենտրոնը երևի թե միակ սատար կանգնող ուժերից է, որ հասկանում է, թե ինչքան վտանգավոր է այսօր ազատ խոսքը:
Այսօր ստեղծագործելու միտումը դառնում է անհեթեթ: Մեզ՝ բարդ, պրոֆեսիոնալ ժողովրդին, մասնագետներին պետք է երկխոսել: Կանխված է երկխոսությունը: Գտնում եմ, որ հատուկ է այդպես արվում: Ժամանակի համակարգված պատկերն է, որ տարծաշրջանում գործում է որպես ախտ: Հենց առաջինը նրանց է ուղղված իմ ֆիլմը: Ֆիլմի միջոցով փորձում ենք նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի հետ աղոթքներով բուժել, մաքրագործել և նազարիզմը, և իշխանության տենչող ծուլաբաններին, ովքեր որ թալանից բացի ոչինչ չեն կարող անել: Ոչ մի իշխանություն ժողովրդին չի կարող հաղթել, քանի որ ժողովուրդը համակարգ է, իշխանությունը՝ փոս, փոս, որն ինքնափոսությամբ փորում է իր ավելի խորը փոսը: Ժողովրդին պետք է սիրել, ժողովրդի հետ պետք է խոսել: Իսկ այսօր խոսք գոյություն չունի, երկխոսությունը կանխված է:
-Հույս կա՞, որ մի օր քաջնազարությունը մեզանից կվերանա:
-Յուրաքանչյուրս պետք է մեզանում սպանենք Քաջ Նազարին, ինչպես Նարցիսը սպանեք ինքն իրեն: Պատմությունը բերեց նրան, որ Նարցիսն ինքնասպան եղավ՝ փրկելով աշխարհը: Նարցիսը հասկացավ, որ եթե ինքն իրեն չոչնչացնի, գեղեցիկը կկործանվի: Իսկ մենք գիտենք, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Մեզանում պետք է սպանենք այդ արատը: Ֆիմի ողջ ընթացքում «Մատյան ողբերգության» է ընթերցվում, այսինքն Նարեկի մեղաներով, սրբությամբ, հայ լինելու սրբությունն ապացուցող այդ մեծ մտավորականի, բժշկի միջոցով փորձեցինք փրկել բարդ ազգին, մանարխիային, փորձեցինք մեզանից կուռքերին վանել, նազարներին վռնդել: Երևի սա այս ամենից ձերբազատվելու միակ ձևն էր՝ վռնդել ախտը, ախտահանել:
-Ձեր ֆիլմում Քաջ Նազարը «ախտահանվում» է:
-Այո, պարբերաբար ախտահանվում է:
-Քանի՞ տարում եք նկարահանել ֆիլմը: Կներկայացնեք դերասանական կազմը:
-Ազատ ստեղծագործողների միաբանությամբ է ստեղծվել մշակութային այս իրադարաձությունը: Իմ յուրաքանչյուր ֆիլմ իրադարձություն է, քանի որ ոչ մի այլաբանություն այնտեղ գոյություն չունի: Չնայած շատերն ասում են այլաբանական է՝ չհասկանալով այլաբանության միտքը, որ այլաբանությունն ինքնահեգնանք է, ինքնաքննադատությունն է, այլաբանությունը մեր կյանքն է: Ամեն ինչն է այլաբան: Ամբողջ Աստվածաշունն այլաբանություն է:
2,5 տարի է տևել նկարահանումը: Նկարահանվել է Իսրայելում, Փարիզում, Հայաստանում, Արցախում: Շատ երկար է տևել նկարահանմումները: Շնորհակալ եմ Կարեն Բաղինյանից և Լիա Հովհաննիսյանից փոստ-պրոդաքշն և ձայնի նորարար հնարքներ իրականացնելու համար: Ես Քաջ Նազարին համեմատում էի Նապոլեոնի հետ, զուգահեռ եմ տարել Դոն Քիշոտի հետ, որպեսզի տեսնենք՝ կա նենգը՝ Նազարը և սիրո ասպետը՝ Դոն Քիշոտը: Քաջ Նազարին սպանելով՝ պետք է տեղը մեկին բերենք: Ուզում եմ Նազարին փոխել Դոն Քիշոտի հետ, որովհետև ոչ մեկն էլ պատկանելիություն չունեն: Մեզանում ասպետներ են պետք: Ուզում եմ մեր ժողովրդի խորհրդանիշը դառնա սիրո ասպետը, ոչ թե Նազարը: Նազարով հեռու չես գնա: Ամեն քայլափոխի նենգությամբ չենք կարող առաջ շարժվել: Գեղեցկություն է պետք, սեր: Ֆիլմում նկարահանվել են՝ Ռաֆայել Քոթանջյանը՝ Նազար, Տաթևիկ Մելքոնյանը՝ Ուստիան, Գեորգի Հովակիմյանը՝ անառակ հոգևորական և ուրիշներ:
Ֆիլմը նկարահանումների համար անհրաժեշտ գումարը մասամբ տրամադրել է պետությունը: Մշակույթի նախարարությունը տեղյակ է եղել, թե ինչ ֆիլմ եմ նկարահանում: Նրանք պետք է հետարքրքված լինեին՝ ֆիլմը ստեղծվեց, տեսնեն՝ ինչ ֆիլմ է: Որևէ հետաքրքրություն չկա, բացի Ազգային կինոկենտրոնից: Երևի թե այդպես ուզում են էլի զսպել, որպեսզի ավելորդ ըմբոստություն չլինի: Բայց դա ըմբոստություն չէ, այլ գեղեցիկի ջատագովությունն է: Արվեստագետները ձեռք են մեկնում: Մենք ցույց ենք տալիս ճանապարհները: Հիշեք՝ արվեստագետներն են բոլոր ժամանակներում գեղեցիկի աղբյուրի մատնանշողը՝ տեսեք՝ այնտեղ է գեղեցիկը, գնա իշխանություն, տես: Ֆիլմը շատ լուսավոր է: Իր լույսով պայքարում է սևի դեմ:
-Ե՞րբ է կայանալու ֆիլմի շնորհանդեսը և որտե՞ղ:
-Շատ էի ուզում, որ լիներ Հայաստանում, որպեսզի իմ հարազատ, լուսավոր ժողովուրդը տեսներ: Իմ բոլոր ֆիլմերն են նվիրված աշխարհի բոլոր հայ ընտանիքներին: Բայց մերժողական համակարգը չի թույլ տա, որ ես երկխոսեմ ժողովրդի հետ: Հունիսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կլինի փակ դիտում: Ներկա կլինեն այն մարդիկ, ովքեր ստեղծել են ֆիլմը, նաև հրավիրվածներ, որպեսզի ձևավորվի ամբողջական կարծիք: Մտածում էի երկխոսել լսարանի հետ, բայց լռելու եմ, անգամ հայացք չեմ նետելու ներկաներին: Թիկունք եմ ցույց տալու և դեմքս՝ նոր ստեղծագործությամբ՝ «Քաջ Նազար»:
-Պարոն Ռոնով, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ես հիմա որպես ըմբոստ գաղթական եմ խոսում: Բայց էլի մտածում եմ, որ Հայաստանում իմ գործն անեմ: Սակայն ամեն ինչ այն աստիճանի է բերված, որ հիմա մտածում եմ ուղղակի կենդանի մնալ և ստեղծագործել, էլի ժողովրդի համար ստեղծագործել, կապ չունի թե որտեղ: Հիմա չեմ խոսի ոչնչի մասին, չեմ ուզում ոչ մի բան ասել: Կասեմ «Քաջ Նազարի» համաշխարհային պրեմիերայի ժամանակ, որը տեղի կունենա Արևմուտքում, այնտեղից ազատ կխոսեմ: Մեր Սահմանադրությունն ինձ թույլ չի տալիս, որ ես Հայաստանում ստեղծագործեմ, ինձ սատար չի կանգնում՝ ի հակառակ Ժնևի Կոնվենցիայի 1965 թվականի 4-րդից 9-րդ հոդվածների դրույթների՝ արվեստագետը հատուկ նշանակություն ունեցող անձնավորություն է, նրան պետք է ամեն կերպ սատարել, որ ինքը կարողանա ժողովուրդ փոխել, գեղեցիկը տեսնել:
-Այսինքն՝ կողմնակի՞ց եք Սահմանադրական բարեփոխումների:
-Միանշանակ: Պետք է ամեն վայրկյան սահմանադրական բարեփոխումներ լինեն: Պետք է արվեստագետներին սատար կանգնելու հատուկ ծրագիր կազմվի ու Ազգային ժողով ներկայացվի, որովհետև արվեստագետներին Հայաստանից քշելով, իշխանությունը ոչ մի լավ բանի չի հասնի: Իրական արվեստագետին հանում են, սևակերպին բերում են, դրոշմում արվեստագետ: Մենք մաքրվում ենք, մեր տեղը դնում են պատահական մարդկանց, անունը դնում են՝ ստեղծագործող ու նրանք էլ սկսում են մշակութային կարծիք ձևավորել: Հասկանում եք՝ ինչ է կատարվում: Ցեղասպանության ամենաառաջին հատվածը, որ կատարվում է, մշակութային գործչին դեպորտացնելն է, իրական արվեստագետին ոչնչացնելն է, տեղը բերել ու դնել կեղծը, կեղծիքը, որն այսօր տիրում է:
«Քաջ Նազարում» օգտագործվել է հայկական դասական ուղղագրություն, որպեսզի խոսել իմանան, խոսքին տիրապետեն: Երաժշտության ընտրություն գոյություն ունի, որ այսօր թուրքածնունդ, պարսկածնունդ, անորակ երաժշտությունը դառնում է հայկական վերածնունդի երաժշտություն: Այս ամենին պետք է հետևել, ժողովրդին պետք է այս խոսքը հասցնել, որ ժողովուրդը պայքարի, հասկանա, թե ինչ է կատարվում, պայքարի արվեստագետներին պահելու համար: