Արտարժույթի տատանումները պետական բյուջեի կարտարողականի վրա ազդեցություն չեն ունեցել. Գանձապետ
2014 թվականին արտարժույթի տատանումները պետական բյուջեի կարտարողականի վրա ազդեցություն չեն ունեցել: Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արժույթի տատանումները ի՞նչ ազդեցություն են ունեցել պետական բյուջեի կատարողականի վրա:
Ըստ Ջանջուղազյանի՝ այն էական ազդեցություն չէր կարող ունենալ, քանի որ տեղի է ունեցել տարեվերջին. «Այդուհանդերձ, մի հատվածով ազդեցության ականատեսը եղել ենք: Դա ներքին շուկայում պետական արժեթղթերի տեղաբաշխմանն է վերաբերում: Դեկտեմբերին աճուրդներում կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման համար որևէ հայտ չի ներկայացվել, ինչը պարտատոմսերի շուկայի ամբողջ պատմության ընթացքում աննախադեպ էր»:
Ա.Ջանջուղազյանը միաժամանակ հավելեց, որ դա նույնպես իր ազդեցությունը չի թողել բյուջեի կատարողական վրա:
Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ինչի՞ վրա է ծախսվել ԵՄ-ից ստացված դրամաշնորհը, որը աջակցություն էր Ասոցացման համաձայնագրին միանալու համար:
«Այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվել, եթե 2014 թվականին ի սկզբանե պարզ էր, որ մենք Ասոցացման համաձայնագիրը չենք կնքելու, ի՞նչ գումար էր նախատեսված, որ այսքանը հասցրել ենք վերցնել»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է Եվրամիության հետ 2010 թվականին կնքված և դրա շրջանակներում նախատեսված միջոցների ստացմանը: Ընդհանուր առմամբ՝ 7.1 մլրդ դրամ է ստացվել Եվրամիությունից՝ որպես ոչ նպատակային դրամաշնորհ:
Իսկ թե ինչի վրա են այդ միջոցները ծախսել, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ դա չունի պատասխան այնքանով, որ օգտագործվել են բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար, ճիշտ այնպես բյուջեի մնացած մուտքերը, որոնք կապակցված չեն որևէ ծախսային ծրագրի հետ:
«Այսինքն՝ սա առանձնացված որևէ ծրագրի համար չի օգտագործվել»,- ասաց գանձապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները