ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ. «Իսլամական պետությունը» Իրանի սահմաններին մոտենալու համարձակություն չունի
«Իսլամական պետությունը» Իրանի սահմաններին մոտենալու համարձակություն չունի,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, մասնավորապես նշել է. ««Իսլամական պետությունը» Իրանի սահմանին մոտենալու համարձակություն չունի: Եթե ԻՊ-ն Իրանի սահմաններից 40 կմ հեռավորության վրա փորձի սպառնալիք ներկայացնել, ապա տեղում կոչնչացնենք, անկախ նրանց՝ թե որ երկրից կփորձի ներթափանցել»:
Գեներալ Ֆիրուզաբադին, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Իրանում գործունեություն ծավալելու հավանականությանը՝ մասնավորապես նշել է. «Իսլամական պետությունը» մեր սուննի եղբայրների՝ մասնավորապես թուրքմենների, բելուջների և քրդերի շրջանում հաստատվելու որևէ հնարավորություն չունի»:
Նշենք, որ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ օրերս, անդրադառնալով տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Իրանի ռազմական, անվտանգության և ոստիկանական համակարգերն այն մակարդակի վրա են գտնվում, որ կարող են «Իսլամական պետությունից» սպասվող ցանկացած սպառնալիք չեզոքացնել. Եթե այդ խմբավորն ի զորու լիներ սպառնալ Իրանի անվտանգությանը, ապա արդեն արած կլիներ: «Իսլամական պետության» ցանկացած շարժ վերահսկվում է Իրանի անվտագության ուժերի կողմից»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին էլ, անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել էր. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են: Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:
Հավելենք նաև, որ իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքն օրերս տեղեկատվություն հրապարակեց, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքում մահապատժի է ենթարկել իր կողմից գերեվարված Իրանի քաղաքացիների, որոնք Սիրիայի կառավարական ուժերի կազմում կռվում էին «Իսլամական պետության» դեմ: