«Տեղադրում են հնամաշ բալոն, պայթյունի դեպքում մեղավորը լինում է կամ վարորդը, կամ գազալցակայանը». «Աքիլլես»
Գազալցակայաններում վերջերս գրանցված պայթյունների պատճառն այն է, որ վերահսկողություն չկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, պայթյունների համար ոչ միշտ են մեղավոր գազալցակայանները: Է. Հովհաննիսյանի խոսքով, մեքենաներում տեղադրվում են հնամաշ բալոններ, դրանք չեն անցնում օրենքով նախատեսված 2 տարին մեկ անգամ պարտադիր ստուգումը:
«Պետք է տեխզննում անցնեն, չեն անցում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է ստուգումներ իրականացվի նաև տեխզննման կետերում:
Կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանն ասաց, որ պետք է վերահսկողություն լինի այն կազմակերպությունների վրա, որոնք տեղադրում են գազի բալոններ:
«Տեղադրում են ցանկացած բալոն, մեղավորը լինում է կամ վարորդը, կամ գազալցակայանը, որևէ ուշադրության չի դարձվում, թե որ կազմակերպությունն է տեղադրել բալոնը: Պետք է նաև վերահսկողություն սահմանվի այդ կազմակերպությունների վրա, այնուհետև տեխզննման կետերի՝ ձևական ստուգումից անցնել իրական ստուգման»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ տեխզննումը կրում է ձևական բնույթ, իսկ եթե այդ ձևական ստուգման կտրոնը չի փակցվում մեքենային, 20 հազար տուգանք է նշանակվում. «Դուրս է գալիս՝ ինչ որ կա, չկա, մեղավորը վարորդն է, տուգանվողը վարորդն է»:
Ըստ նրա, օրենսդրությամբ նախատեսված է՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի համար պատասխանատու է սեփականատերը կամ վարորդը: Օրենքով նաև ամրագրված է, որ ինչ էլ պատահի, պատասխանատվություն պետք է կրի այն անձը, ով ղեկին է եղել կամ մեքենայի սեփականատերը, մինչդեռ օրենքով և կառավարության որոշումներով սահմավում է, որ տեխզննման կետը ոչ մի պատասխանատվություն ոչ մի բանի համար չի կրում:
Նախորդող հրապարակումներ՝
Գազալցակայանների անվտանգության հետ կապված խիստ նորմեր են գործելու ԵՏՄ-ի շրջանակներում. փոխնախարար
Կապանի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժածը մահացել է
Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին