Կապանի բենզալցակայանում հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն այրվածքներն ստացել են Կապանի Գործարանային փողոցի 1/1 հասցեում գործող բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին` ժամը 23:20-ին, «Կապան ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել, որ բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց է տեղեփոխվել երկու տղամարդ՝ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Հրայր Սարգսյանը՝ «զույգ վերին վերջույթների և դեմքի թերմիկ այրվածք», իսկ Կապան քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը՝ «ամբողջ մարմնի թերմիկ այրվածք» ախտորոշումամբ։
Տուժած քաղաքացիներից մեկը՝ Ս.Կարապետյանը, մայիսի 31-ին տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանական բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 2-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, մահացել է։
Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Կատարվում է քննություն՝ հրդեհի բռնկման պատճառները, բենզալցակայանում անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նախորդող հրապարակումներ՝
Կապանի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժածը մահացել է
Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին