«Այ քեզ բան». Բուռն բանավեճ ֆիննախի ղեկավարության ու Այվազյանի միջև
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցախեղդ արեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին և ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, ինչը ակնհայտորեն բարկացրեց նիստերի դահլիճում նստած ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Բանն այն է, որ հարցերի հետ միասին Այվազյանը դիտողություններ էր ներկայացնում: Իսկ խնդիրը արտաբյուջեն էր:
«Մենք շատ արտաբյուջեներ, որոնց դեպքում միայն ծախսերն ենք տեսնում, իսկ նախնական պլանավորումը չկա: Այդ դեպքում, ինչու ենք արտաբյուջե ստեղծում», -նկատեց պատգամավորը` առաջարկելով արտաբյուջեները ներառել պետական բյուջեի մեջ ու սահմանված կարգով ներկայացնել քննարկման:
Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ արտաբյուջետային հաշիվների ամենառաջին կիրառողները հարկային մարմինները, իսկ այժմ արտաբյուջետային միջոցներ ունի ոստիկանությունը, ինչպես նաև շատ գերատեսչություններ:
«Դրանք ԱԺ ներկայացվող բյուջեի նախագծում չեն երևում, բայց տարեկան արդյունքներով 100 տոկոսով ներկայացվում են բյուջեի հաշվետվության մեջ», -հայտարարեց Ալավերդյանը: Ինչ վերաբերում է Այվազյանի դիտարկմանը, թե ԱԺ-ն պետք է քննարկի ու հաստատի արտայուջեները, Ալավերդյանն ասաց, որ դա առանձին քննարկման հարց է:
Ալավերդյանին օգնության հասավ Ջանջուղազյանը և ասաց, որ արտաբյուջետային հաշիվներն առանձնահատկություն ունեն` դրանց չլինելու դեպքում իրենց դիմաց դրված ծախսերը չէին իրականացվելու:
«Դե կներեք էլի, պարոն Ջանջուղազյան: Օրենքով սահմանված տուժ-տուգանք եք դրել, գնում ա արտաբյուջե: Հիմա ի՞նչ ենք իրար ուզում բացատրենք», -դիմելով գանձապետին, ասաց Վարդան Այվազյանը ու նկատեց, որ ծրագրային բյուջետավորման գործընթացն է այժմ ընդունելի, ինչը բացառում է արտաբյուջեն:
Պատգամավորի ու կառավարության ներկայացուցիչների հեռակա վեճին միջամտեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ասաց. «Եթե ուզում եք խորանալ, խորացեք, պարոն Այվազյան, ի՞նչ ա եղել: Դուք նույն հարցադրումներն անում եք: Ինչքան պետք ա խորացեք: Կլինի՞ օրենսդրական փոփոխություն, փոխեք օրենքը»:
Այվազյանն ասաց, որ լավ կլիներ կառավարության ներկայացուցիչները ասեին` համաձա՞յն են, որ օրենքը փոխվի, թե՞ ոչ և իր համար անհասկանալի էր, թե ինչու իր հարցադրումներն այդքան կրքեր բորբոքեցին:
Խաչատրյանն արձագանքեց և ասաց, որ պատասխանում են Ալավերդյանն ու Ջանջուղազյանը, բայց չգիտես, ինչու «ինչ-որ կասկածներ կան»: «Եթե կասկածներ կան, եկեք քննարկենք, հասկանանք», -նկատեց Խաչատրյանը:
Այվազյանը չզիջեց, ասաց, որ իր համար զարմանալի է` ինչու այդպես բուռն ընդունվեց իր հարցը արտաբյուջների մասին. «Ոչ սենց եմ շփվում արտաբյուջեի հետ, ոչ ընենց, ինձ համար մեկ ա»:
«Այ քեզ բան»,- տեղից նետեց Խաչատրյանը և բանավեճը դրանով ավարտվեց: