Հյուսիս-Հարավ մայրուղու Երևան-Աշտարակ հատվածը ալիքաձև է, մեքենան տատանվում է. Պատգամավորի մտահոգությունը
«Հյուսիս-Հարավ մայրուղու Երևան-Աշտարակ հատվածում այն, ինչ արված է այս պահին, վերջնական տե՞սքն է, թե դրա վրա այլ շերտ է գցվելու», -այսօր Ազգային ժողովում Տրանսպորտի և կապի փոխնախարարից հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը` դժգոհելով. «Այդ ճանապարհով երբ գնում ես, կտրտված տեղերը շատ տհաճ զգացում են առաջացնում և բացի այդ, ճանապարհն ալիքաձև է ու մեքենան սկսում է տատանվել ընթացքի մեջ: Եթե խոտան է, ապա պետք է վերացնել, եթե խոտան չէ, ապա չեմ կարծում, որ դա է մեր երազած Հյուսիս-Հարավ ճանապարհը»:
Ի պատասխան ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման շրջանակներում նախատեսված է բետոնյա ծածկ և պատգամավորի մատնանշած հատվածի վրա որևէ ծածկ չի գցվելու:
«Տեղեկացնեմ ձեզ, որ սովորաբար, ցանկացած բետոնյա ճանապարհ ավելի հարմարավետ է, քան ասֆալտբետոնյա ճանապարհը: Այս պահի դրությամբ, Տրանշ 1-ում (Արտաշատից Աշտարակ ընկած ճանապարհահատվածը) բետոնապատման ծածկի աշխատանքներն արդեն իսկ ավարտված են, իրականացվում են ավարտական տեստային աշխատանքներ: Նշված կարերը դեռ կարվելու են համապատասխան ռետինե նյութերով»,-հավելեց փոխնախարարը:
Նա ասաց, որ ճանապարհին խնդիրներ չեն առաջանա, եթե մեքենայի արագությունը 30կմ/ժ-ով նվազեցվի:
«Դանդաղ երթևեկելիս համ կարերը, համ ձեր նշած ալիքները չեք զգա»,-հավելեց փոխնախարարը` ընդգծելով, որ ալիքների համար հատուկ ձեռք բերված սարքավորումով տեստեր կանցկացվեն ու դրա արդյունքները կհաղորդվի լրացուցիչ:
Նա նաև տեղեկացրեց, որ Արտաշատից Աշտարակ ճանապարհահատվածի կահավորման աշխատանքը մինչև տարեվերջ կավարտվի և դրանով երթևեկության արագությունը կսահմանվի 100-110 կմ/ժ: