Կաշառքի սկանդալը մոտենո՞ւմ է Բլատտերին
Դատելով ամեն ինչից՝ ամերիկյան իրավապահները հարց ունեն ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին՝ կապված կոռուպցիոն սկանդալին մասնակցության հետ:
ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները կարծում են, որ Վալկեն, ով համարվում է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի «աջ ձեռքը», 10 մլն դոլարի բանկային փոխանցում է կատարել ֆուտբոլային մեկ այլ ղեկավարի՝ Ջեկ Ուորների հաշվեհամարին: Այս մասին հայտնում է «New York Times»-ը:
Դրամական այդ փոխանցումն առանցքային մեղադրական պատճառն է, որը հանգեցրել է Ջեկ Ուորների ձերբակալությանը: Կասկած կա, որ նա այդ գումարն ստացել է և, որպես կաշառք, օգտագործել, որպեսզի օգնի Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ դառնալու «ԱԱ-2010»-ի կազմակերպիչ երկիր:
Այդուհանդերձ, իրավասու մարմինների կողմից Վալկեի դեմ առայժմ անօրինական գործունեության մեղադրանք առաջ չի քաշվել: