Արմավիրի մանկապարտեզների հետքերով. Երեխաները կերել են խինկալի, կոտլետ, խոհանոցում էլ տաք ջուր չի եղել
Արմավիրի մարզի մանկապարտեզներից հոսպիտալացված երեխաներից երեքը երեկվա դրությամբ դեռ հիվանդանոցում են: Panorama.am-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնեց. «Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզից մեկ երեխա է դեռևս հոսպիտալացված, թիվ 6 մանկապարտեզից՝ 2-ը, Ալաշկերտ համայնքի մանկապարտեզից հոսպիտալացված չունենք: Չի բացառվում, որ այսօր երեխաներից երկուսը դուրս գրվեն»:
Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի սաները մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Մինչև այդ հիվանդանոց էին դիմել նույն մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաները: Վերջին տվյալներով, երեք մանկապարտեզներից հոսպիտալացվել է 34 երեխա:
«Ինչո՞ւ այսքան երկարեց դուրսգրման գործընթացը: Երեխայի մոտ եթե հայտնաբերվել է հարուցիչ, նրա նկատմամբ պետք է կատարվի կրկնակի լաբորատոր հետազոտություն, բացասական արդյունքի դեպքում պետք է կրկնվի հետազոտությունը, որպեսզի երեխան լիարժեք առողջ դուրս գրվի հիվանդանոցից»,-ասաց ԱՆ մասնագետը:
Երեխաների հոսպիտալացումից հետո մարզի այլ մանկապարտեզներում, տնային օջախներում ևս անցկացվել են համաճարակաբանական հետազոտություններ, ուսումնասիրվել են թիրախային մանակապարտեզների անձնակազմի անդամները, արդյունքում հայտնաբերվել են այնպիսի երեխաներ, որոնք աղիքային այլ վարակներ են ունեցել: Նրանք բուժվել են:
«Գլոբալ աշխատանքների արդյունքում մենք այսօր նոր դեպքեր չունենք: Իրավիճակը հիմա վերահսկվում է մեր կողմից: Մանկապարտեզները չեն գործում, որովհետև որոշակի միջոցառումներ են պետք, խոհանոցների հագեցվածությունը պետք է ապահովվի: Երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվի, աշխատանքներն ավարտված են, մեր կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրություն կիրականացվի, որից հետո միայն կթույլատրվի մանկապարտեզների աշխատանքները վերսկսել»,-տեղեկացրեց Լ. Թորոսյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թիրախային երեք ու մի քանի այլ մանկապարտեզների խոհանոցներում սննդի ընդունման, պահպանման, մակնշման պայմանները բավարար չեն եղել, որոշ տեղերում էլ տաք ջուր չի եղել. «Նույնիսկ երեխաներին չթույլատրված սնունդ են տվել, օրինակ խինկալի, ոչ տապակած կոտլետ, պետք է կոտլետը լինի ջեռոցում եփած, ոչ թե ձեթի մեջ տապակված, դա նույնպես հայտնաբերվեց, նախազգուշացվեց: Պարզվեց, որ երեք մանկապարտեզներում էլ տաք ջուր չի եղել, դրա համար էլ նախարարությունն առաջարկեց առաջին հերթին խոհանոցներն ապահովել տաք ջրով»:
Խոսելով աղիքային վարակի պատճառների մասին, համաճարակաբանության բաժնի պետն ասաց, որ համադրելով հետազոտությունների արդյունքները, և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անջատվել է Շիգելա զոնե, որը հիմնականում բնորոշ է սննդային գործոնին, հիմք ընդունելով նաև մանկապարտեզների խոհանոցներում առկա պայմանները, կարելի է եզրակացնել, որ աղիքային ինֆեկցիայի պատճառը եղել է երկրորդային աղտոտվածության պատճառով սննդային գործոնով պայմանավորված հիվանդության դեպքերի առաջացումը. «Բազմապիսի սնունդ է տրվել այդ օրերին երեխաներին, տարբեր մանկապարտեզներում տարբեր մենյուներ են եղել, թե նորմատիվներին համախատասխանող, թե որոշակի խախտումներով, էս պահին չեմ կարող որևէ սնունդի վրա շեշտադրում անել, բայց որ եղել է երկրորդային աղտոտվածություն, դա չի բացառվում»:
Լիաննա Թորոսյանն ասաց, որ Արմավիրի մարզպետարանում մեծ լսարանի առաջ անցկացվել է սեմինար, որտեղ ներկայացվել են նախադպրոցական հաստատություններում խոհանոցային աշխատանքի և այլնի մասին տվյալներ, տրվել է հրահանգավորում, թե որ դեպքում ինչպես պետք է վարվել: Չի բացառվում, որ նման սեմինարներ անցկացվեն այլ մարզերում:
Նշենք, որ Ալաշկերտի մանկապարտեզի սաների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։
Նախորդող հրապարակումներ՝
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Աղիքային ինֆեկցիա Արմավիրի մանկապարտեզում, հոսպիտալացվել են երեխաներ
ՍԱՊԾ. Արմավիրի մանկապարտեզներ սննդամթերք է մատակարարում նույն ընկերությունը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները