ԱԳ նախարար. Ադրբեջանը ցույց տվեց, որ որևէ տեղաշարժ, փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերջին դրսևորումը Ռիգայում էր, որտեղ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, համաձայնվեցին մի ձևակերպման հետ, որը վերաբերում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իհարկե, պետք է պարզենք, թե ում կողմից են սպասում տեղաշարժ՝ միջազգային հանրության, թե հենց իրենց կողմից, քանի որ մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում էր դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ ակնհայտ եղավ Ռիգայում, երբ հավաքվել էին Եվրամիության երկրների ղեկավարությունը, Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների ղեկավարները: Բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, մի ձևակերպման համաձայնվեցին, որը ներգրավվեց Ռիգայի հռչակագրի մեջ»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ակնկալում են տեղաշարժ, ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում այդ հայտարարությանը:
Նախարարի խոսքով, այդ ձևակերպմամբ բոլոր երկրներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
«Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը և ցույց տվեց, որ որևէ տեղաշարժ, փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ: Եթե այսուհետ իրենք մտադիր են փոխել ու ավելի կառուցաղական մոտեցում ցուցաբերել, կապրենք և կտեսնենք»,- ասաց Է. Նալբանդյանը: