Շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող սպաներն ու պայմանագրային զինծառայողներն ավելի բարձր թոշակ կստանան
ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում փոփոխություններ կկատարվեն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայություն իրականացնող սպաներն ու ենթասպաներն ավելի բարձր թոշակ կստանան:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ:
«Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը լինելով հասցեական` ուղղված լինելով զինծառայողների կոնկրետ խմբի համար լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխլիությանը ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործընթացի որակը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:
Առաջարկությունը համահունչ է նաև ՀՀ պաշտպանության բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի դրույթներին, որը միտված է զինծառայողների զինծառայությունից զորացրված անձանց սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը:
Հիմնավորումում նշվում է նաև, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: