Ալերգիաների ավելացումը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ և էկոլոգիական խնդիրներով. ալերգոլոգ
Վերջին տարիներին զարգացող և զարգացած երկրներում ալերգիան շատացել է, Հայաստանն էլ հետ չի մնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանը:
Անդրադառնալով սեզոնային ալերգիաներին՝ նա նշեց, որ դա շատ հաճախ հարբուխի պես է արտահայտվում՝ փռշտոց, քթարտադրություն, հիմնականում առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին ավելի շատ լինում:
Հարցին բուժվում է արդյո՞ք ալերգիան, թե ոչ, ալերգոլոգը պատասխանեց. «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ անբուժելի հիվանդություն չկա: Հայաստանում կա թերիրազեկվածություն և մենթալիտետի խնդիր, հայերը չեն սիրում դիմել բժշկի»:
Նա ասաց, որ ինչպես բոլոր ալերգիաները, այնպես էլ սեզոնայինը, ունեն իրենց բուժման եղանակները, օրինակ իմունոթերապիան, պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, որպեսզի ճիշտ ալերգենով պայքարել դրա դեմ:
«Ալերգիայի առաջացման պատճառը կապված է իմունային համակարգի հետ: Դա չի նշանակում, որ իմունիտետն ընկած է, այլ ուղղակի իմունային համակարգը խախտված է»,-նշեց Զ. Կալիկյանը՝ ընդգծելով, որ ալերգիաները ունենում են նաև ժառանգական նախապայման:
«Ալերգիաների ավելացումը պայմանավորված ուրբանիզացիայով, օդի աղտոտվածությամբ և էկոլոգիական խնդիրներով, որոնք էլ մեծ ազդեցություն են ունենում այդ ժառանգական նախատրամադրվածության վրա»,-նշեց բանախոսը:
Խոսելով վիճակագրական տվյալներից, ալերգոլոգն ընդգծեց, որ Հայաստանում որպես այդպիսին հստակ տվյալներ չկան, քանի որ իրենց մոտ արձանագրվում են միայն բժշկի դիմած դեպքերը: