Նախարար Նալբանդյանի այցելությունը Սիրիա «վիտամին է» եղել սիրիահայերի համար
«Սիրիան, սիրիահայության անվտանգության ապահովման հարցն առաջին օրերից մեր ուշադրության կենտրոնում է: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգություն ապահովման տեսանկյունից»,- ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը մայիսի 27-ին Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով այցելել էր Դամասկոս։ Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Սիրիայի բարձրագույն ղեկավարության, սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Այցելելով Սիրիա՝ նպատակ ունեի ծանոթանալ Սիրիայում ծավալվող զարգացումներին: Կարծում ենք՝ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսության ծավալմամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ քրիստոնյաների, սիրիահայերի իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանը կարևորեց Սիրիայում հայկական համայնքների ներկայացուցիչների, հայկական կառույցների ղեկավարների հետ հանդիպումը. «Հայտնեցինք մեր համերաշխությունը, աջակցությունն իրենց, ասացինք, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած: Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ իրենց համար այս այցելությունը վիտամին է: Կարծում եմ՝ լավագույնս է բնորոշում այն կարևորությունը, որն ուներ այդ այցելությունը Սիրիա»:
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունն արել և շարունակում է անել հնարավորն աջակցելու սիրիահայ եղբայրներին:
Նախորդող հրապարակումներ՝
Ի՞նչ կարող է պատահել Հալեպում
«Հայաստանը ցանկանում է, որ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին»
Նալբանդյան. Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը
Ասադ. Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը
Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները Թուրքիային մեղադրել են շարունակական զանգվածային սպանությունների մեջ. SANA
ՀՀ ԱԳ նախարարի այցը Դամասկոս կարևոր է Սիրիայում ստեղծված իրավիճակի պայմաններում. Արաբագետ
ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայերի մասին. Ով ցանկություն ունի, նա գալիս է