Հայաստանի զբոսաշրջությունը գրավիչ դարձնելու համար նախ պետք է լուծել ոլորտի մասնագետների խնդիրը. Ռոբերտ Մինասյան
Վերջին 7-8 տարվա ընթացքում տուրիզմի զարգացման առումով բավական մեծ աշխատանք է տարվել, սակայն կան նաև հրատապ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ 2015 թվականը բավականին մեծ ազդեցություն է ունեցել և կունենա տուրիզմի զարգացման առումով. «Ոլորտը պետք է շնորհակալություն հայտնի այն մեծ աշխատանքի համար, որ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից»,- նշեց Ռ. Մինասյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: Մասնագետի բնորոշմամբ՝ Հայաստանը տուրիզմի համար է ստեղծված, սակայն պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել երկիրը:
Ի դեպ, Ռ. Մինասյանը կարծում է, որ աշխարհը պետք է իմանա, որ առաջին «տուրիստը» եղել է Նոյը:
«Ոչ մեկ չի հերքում աշխարհում, որ այդպես է եղել, իսկ առաջին «տուրօպերատորը» եղել է Աստված, որ Նոյին ուղարկել է Արարատի գագաթ: Մենք կարող ենք ապացուցել և դա լինի մեր «ֆիշկան»,- ասաց Ռ.Մինասյանը՝ հավելելով, որ դա շատ լուրջ է ասում:
Նա նաև նշում է, որ Հայաստանի զբոսաշրջությունը ավելի գրավիչ դարձնելու համար նախ պետք է լուծել ոլորտի մասնագետների խնդիրը: Դա, ըստ նրա, այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է:
Ռ. Մինասյանի խոսքերով՝ այսօր քիչ են այն մարդիկ, ովքեր կարող են երկիրը ներկայացնել: Դրա համար անհրաժեշտ է, որ ոլորտի աշխատողները համապատասխանեն միջազգային ստանդարտներին:
«Օրինակ՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնել գիդերի աշխատանքին: Ամեն մարդ չպետք է գիդ աշխատի: Նրանք պետք է պատրաստված լինեն, հայրենասեր լինեն, Հայաստանի պատմությունը պետք է շատ լավ իմանան»,- ասաց Ռ.Մինասյանը: