Բնապահպան. Ունիկալ երկիր ենք, բայց կանգնած ենք անապատացման առաջ
Հայաստանում բնապահպանական դաշտը թույլ զարգացած է, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող Civil Voice ՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Հարությունյանը:
«Կան բացեր, որոնք շտապ լուծումներ են պահանջում, սակայն չկա հետևողական աշխատանք»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդրի լուծմանը կարող են հասնել կառուցողական աշխատանքի՝ ՀԿ-ներ և պետական գերատեսչություններ, մասնավորապես բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ, արդյունքում:
Ըստ Բ. Հարությունյանի, այդ կապն այսօր բացակայում է:
«Տեսանելի ապագայում մեր կազմակերպությունը հանդես կգա այնպիսի նախաձեռնություններով, որոնք բեկում կմտցնեն բնապահպանական դաշտում»,- ասաց նա:
Բ. Հարությունյանի խոսքով, Հայաստանում հանքարդյունաբերողները չեն ուզում ներդրումներ անել, իսկ դրա պատճառն այն է, որ չկա համապատասխան օրենք, պետության կողմից վերահսկողությունը թույլ է:
Ասուլիսին ներկա Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանի դիտարկմամբ, ոլորտում բացիթողի վիճակի պատճառն այն է, որ տարբեր կազմակերպություններ, որոնք գնում են հանքեր, «անձնական կապեր ունեն վերևներում, ինչը թույլ է տալիս նրանց չենթարկվեն կանոնակարգին»:
Ըստ նրա, բնապահպանության նախարարությունը չի կարողանում ազատ գործել, ճնշում են գործադրում այդ գերատեսչության վրա, այլապես վիճակն ավելի լավ կլիներ:
Ս. Ադամյանը նշեց, որ բնապահպանները հանդիպել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հստակ խնդիրներ են ներկայացրել ու պահանջել լուծումներ. «Բնապահպանության նախարարությունը հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին պետք է նայի որպես գործընկերներ, ոչ թե որպես թշնամիներ: Համագործակցության արդյունքում կարող են հասնել հաջողությունների»:
«Ունիկալ երկիր ենք, բայց կանգնած ենք անապատացման առաջ՝ հատում ենք անտառները, բացում ենք պոչամբարներ, հանքերը ճիշտ չենք շահագործում, ինչը բերում է կենսաբազմազանության վերացմանը, շրջակա միջավայրի փոփոխությանը, մարդ-բնություն կոնֆլիկտին»,- ասաց Ս. Ադամյանը՝ ընդգծելով, որ բնապահպանական աղետ է սպասվում Հայաստանին:
Նա նշեց, որ մի քանի հասարակական կազմակերպություններով որոշում են ընդունել այս տարի հանդես գալ օրենսդրական փաթեթով:
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է: