Դեսպան Ճաղարյան. Ռուսաստանը կողմ է, որպեսզի Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ դառնա
«Ռուսաստանը կողմ է, որպեսզի Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ դառնա»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է Իրանում ՌԴ հայազգի դեսպան Լևոն Ճաղարյանը:
Դեսպան Ճաղարյանը, անդրադառնալով Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանը լիիրավ անդամ դառնա, սակայն միայն Մոսկվայի ցանկությամբ հնարավոր չէ, կազմակերպության մյուս անդամները ևս պետք է այդ հարցում դրական դիրքորոշում ունենան»:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնվել 2001թ-ին: Կազմակերպության անդամները 6-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիստանը: Ւրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանն այդ կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ:
Նշենք, որ այս օրերին Մոսկվայում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների տարածքում անվտանգությանն ու կայունությանը նվիրված միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, անդրադառնալով «S-300» ՀՀՊ համակարգերին, նշել է, որ դրանք պատրաստ են և շուտով կհանձնվեն Իրանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել: