Նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը շարունակում է իր հակահայկական հռետորաբանությունը
Թուրքիայի նախագահը շարունակում է հարձակումներ գործել իրեն քննադատողների նկատմամբ: Այս անգամ, բացի հայերից, նրա թիրախում են հայտնվել լրագրողները, միասեռականները և ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Փոխանցում է «Hurriet Daily News»-ը:
«Նրանց ամենամեծ դաշնակիցը «Դողան մեդիան» է: Ինչպես նաև հայերը, միասեռականները և նրանք, ովքեր հավատում են «Ալևիականությանն առանց Ալիի», նրանք բոլորը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից հրահրվող դավադրության մասնակիցներն են»,- Բինգյոլ գավառի բնակիչների հետ նախընտրական հանդիպման շրջանակներում հայտարարել է Էրդողանը:
Ինչպես հաղորդվում է, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շուրջ շահարկումները կապված են այն հանգամանքի հետ, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը կարող է հաղթահարել 10 տոկոսի շեմը: Այդ դեպքում Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության համար չափազանց դժվար է դառնալու հավաքել ձայների մեծամասնությունը և կատարել Էրդողանին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները:
Նկատենք, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հասեցին արվող քննադատությունների համատեքստում Էրդողանի կողմից հայերի մասին նշելը պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցության կողմից հայտարարվել էր` իրենց հաղթանակի դեպքում ձեռնամուխ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև դնելու են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:
Իսկ լրագրողների հետ կապված Թուրքիայի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում ոչ միայն թուրքական լրատվականների նկատմամբ, այլ նաև միջազգային առաջատար պարբերականների հասեցին, ինչպես օրինակ CNN, BBC, The New York Times: Թուրքիայի նախագահը վերջիններիս մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու և Թուրքիան մասնատելու փորձերի մեջ: