«Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» միջազգային փառատոնը` Երևանում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության «Ալան» պարի համույթի մենահամերգը: Համույթը համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, արժանացել է ժողովուրդների բարեկամության ակադեմիական շքանշանի, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անցկացված` «Հինգ մայրցամաքների միջազգային փառատոնի» ոսկե մեդալի, ինչպես նաև ՌԴ կառավարության մշակույթի ոլորտի, Կոստ Խետագուրովի անվան պետական և «Ոսկե Ապոլլոն» մրցանակների: Համերգը կայանալու է «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Այսօր թատրոնի նախասրահում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես. կներկայացվեն «Ասիկ» ընկերության վարպետների կողմից պատրաստված ազգային տարազներով կոլեկցիոն տիկնիկները (ղեկավար` Զալինա Ցախիլովա), «Ֆանդիր» ընկերության վարպետների ձեռքով պատրաստված` օսեթական ավանդական երաժշտական գործիքները, ինչպես նաև «Իզոլդա» ընկերության վարպետների ստեղծած բացառիկ ազգային տարազները (ղեկավար` Իզոլդա Գոգիչևա):
Հունիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևա):
Մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվեն նաև վոկալի, ժողովրդական-բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ: Դասընթացները կվարեն Լարիսա Գերգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:
ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի սուբյեկտների միջազգային մշակութային հաղորդակցության նախագծի շրջանակում հունիսի 3-6-ը Երևանում առաջին անգամ անցկացվում են «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը: Նախագիծն իրականացնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության պարուսույցների միությունը` Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ: