Արտոնություններ առաջնագծում զինծառայության համար
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Փոփոխությունը սահմանում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների թոշակը կլինի կրկնակի:
Կառավարության Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Առավել պարզ ասած, եթե սպան զինվորական ծառայություն է կրել 20 տարի, որոնցից 15 տարին առաջին գծում, ապա վերջինիս կենսաթոշակը սահմանելիս, այդ 15 տարին կրկնապատկվում է, ինչը էականորեն կավելացնի վերջինիս կենսաթոշակը»:
Նրա խոսքով, առաջնագծում մեր զինծառայողների գործադրած ջանքերի ու բացառիկ ծառայությունների շնորհիվ է, որ այսօր սահմանին պահպանվում է հարաբերական խաղաղությունը, իսկ հակառակորդի ցանկացած սադրանքին հայկական ստորաբաժանումները համարժեք պատասխան են տալիս:
«Այս իրավիճակում պետք է արժանին մատուցել բոլոր զինծառայողներին, հատկապես նրանց, ովքեր տարիներով, բառիս բուն իմաստով, խրամատում են ապրում: Մարտական դիրքերում կարելի է հանդիպել սպաների, պայմանագրային զինծառայողների, ովքեր 10 տարուց ավելի ծառայություն են կրում առաջնագծում: Ի դեպ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների գերակշռող մասը, ավարտական քննություններից հետո, կամավոր մեկնում է առաջնագիծ: Զինծառայողների խնդիրները պետք է մշտապես գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում և կառավարությունը հնարավորության սահմաններում պետք է փորձի քայլ առ քայլ լուծումներ տալ դրանց: Տրվող արտոնություններով պետությունը նաև իր գնահատականն է արտահայտում սեփական կյանքը հայրենիքին ու բանակին նվիրաբերած մարդկանց»:
Նախագծի տեղեկանք հիմնավորման մեջ ասվում է, օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը լինելով հասցեական` ուղղված լինելով զինծառայողների կոնկրետ խմբի համար լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխելիությանը ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործընթացի որակը:
Նախագծով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում