Ադիբեկյանը ծաղրանք է համարում Freedom House-ի գնահատականը՝ հայաստանյան մամուլի ազատության հարցում
«Ծաղրանք է այն տեղը, որ մեզ տվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ամոթալի է: Գնահատման մեթոդաբանությունը կասկածելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հիշեցնենք, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատություն-2015» զեկույցում Հայաստանն իր ստացած գործակցով հայտնվել է 135-րդ տեղում, որը զեկույցի մեթոդաբանության համաձայն սահմանագծային է «ոչ ազատ» կատեգորիայից` «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից: Զեկույցում ներառված է 199 երկիր, որտեղ յուրաքանչյուրը ստանում է 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենաազատ երկիրը, և 100-ը` ծայրահեղ ոչ ազատ:
Ըստ նրա, իրականությունն ավելի ճիշտ է ներկայացրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, որի կողմից հրապարակված «ԶԼՄ-ների ազատության համաշխարհային ինդեքսում» Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը՝ 180 երկրների շարքում:
«Երկու կազմակերպությունների տված գնահատականների տարբերությունը զգալի է: Եթե օգտվում ենք Freedom House-ից, դուրս ենք գալիս հետամնաց ազգ ենք, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով ոչինչ, նորմալ երկիր ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ Freedom House-ի կամ մեթոդաբանությունն է սխալ, կամ կողմնակալ են, պետք է զգուշավոր վերաբերել:
Սոցիոլոգի խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդը, որպես տեղեկատվության աղբյուր, ինտերնետից է օգտվում, իսկ Հայաստանն ինտերնետի ազատության ցուցանիշով մոտ 200 երկրների շարքում 17-րդ տեղում է. «Այսինքն ինտերնետում ազատության ցուցանիշով մենք առաջատարներից ենք»:
Ըստ նրա, քանի որ ԶԼՄ-ը ունենալը նաև բիզնես է, Հայաստանը բիզնեսի վարման ազատության ցուցանիշով աշխարհում 37-րդ տեղում է. «Էլի ազատ ենք»:
«Բիզնեսի, ինտերնետի ազատության վարկանիշով առաջ ենք: Տնտեսական ազատությամբ էլ 200-րդ երկրի շարքում 52-րդ տեղում ենք: Եթե ԶԼՄ-ն դիտարկվում է որպես բիզնես, տեղեկատվության տարածման հնարավորություն, պետք է վստահել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ցուցանիշներին»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ամեն քաղաքական ուժ ունի իր լրատվամիջոցը: Ըստ նրա, Արևմուտքում արգելված է, որ քաղաքական ուժերն ունենան իրենց ԶԼՄ-ն, Հայաստանում էլ արգելված է, բայց «մենք խորամանկ ազգ ենք»:
Ըստ սոցիոլոգի, Հայաստանի պայմաններում սա ժողովրդավարության դրսևորման լավագույն միջոցն է, տարբեր տեսակետներին ծանոթանալու հնարավարություն է:
«Մեր ԶԼՄ-ները գրում են այն, ինչ ուզում են, սակայն պաշտոնյաներն այդ ինֆորմացիային ուշադրություն չեն դարձնում: ԶԼՄ-ները պետք է որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցություն ունենան»,- ասաց սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը: