ՀՀ վաստակավոր նկարիչ. Մշակույթի նախարարության ֆունկցիաները դեռևս վերջնականապես ճշտված չեն
«Այն գումարը, որ տիրապետում է մշակույթի նախարարությունը, դրանով մշակույթ առաջ տանելը շատ դժվար է: Արվեստին օգնելու, կայացնելու համար մեծ գումաներ են պետք»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Առհասարակ, արվեստագետի կարծիքով, մշակույթի նախարարությունից պետք չէ շատ բան պահանջել, քանի որ մինչ օրս նախարարության ֆունկցիաներն էլ վերջնականապես ճշտված չեն: Ա. Համբարձումյանի խոսքով, պետք է ստեղծել ընդհանուր մշակութային քաղաքականություն, նախարարությունը պետք է գլոբալ քաղաքականություն իրականացնի մշակույթի տարբեր ոլորտներում:
«Հայաստանում մշակութային դաշտը վատը չէ, պարզապես հին մտածողությանն են սովոր, որ պետք է ցուցահանդեսներից պետությունը գործեր գնի, սակայն գումարները շատ քիչ են, որ կարողանա գործեր գնել»,- ասաց նա:
Ա. Համբարձումյանի խոսքով, այսօր կարևոր է, որպեսզի բացահայտվեն բոլոր նկարիչները. «Ունենք տաղանդավոր նկարիչներ, ովքեր չեն ցուցադրվում ինչ-ինչ պայմաններից ելնելով: Կարևոր է այդ բոլորին բացահայատելը: Մեր ստեղծագործական միությունները պետք է այս գործում դերակատարում ունենան, բոլորին ընդհանուր դաշտ բերեն: Դա կհարստանցի մեր մշակույթը, արվեստը, մյուս նկարիչների համար էլ լավ է: Նկարիչն առանձին չի ցուցադրվում, միշտ մյուսների կողքին է աշխատանքը երևում»:
Արվեստագետը նշեց, որ այսօր տեղի է ունենում հին սերնդի մտածողության, նոր մոտեցումների բախում, որը բոլորը դեռ չեն կարողացել հաղթահարել: Ա. Համբարձումյանն ասաց, որ այսօր ստեղծագործելու, ցուցադրվելու դաշտն ընդհանուր է, համաշխարհային. «Ինտերնետի միջոցով կարելի է ցուցադրել աշխատանքները կամ կապ հաստատել ցանկացած ցուցասրահի մեջ, ունենալ գործարքներ կամ վաճառել գործերը»:
Ազատությունը, արվեստագետի համոզմամբ, շատ ավելի բան է տալիս արվեստին: Ըստ նրա, եթե ազատություն լիներ, Սերգեյ Փարաջանովն ավելի հրաշալի ֆիլմեր կունենար, Հենրիկ Մալյանն ու մյուս ռեժիսորները չէին հանդիպի այն դժվարություններին, որոնք ունենում էին ֆիլմեր նկարահանելու, որևէ երաժշտություն ֆիլմում օգտագործելու ժամանակ:
«Բարդ էր այդ ժամանակ: Շատ եմ հարգում այդ շրջանի մեր արվեստագետներին, գիտեմ՝ ինչպես են անցկացրել իրենց աշխատանքները՝ շրջանցելով կոմունիստական արգելքները: Պատահական չէ այսօրվա մեր անկախությունը: Առաջին հերթին պայմանավորված է այդ արվեստագետների արվեստով, Մինասի կտավներով, Հայրիկ և Մարո Մուրադյանների ստեղծած «Ակունք» ազգագրական անսամբլի երգերով: Այդ բոլորն է կայացնում, արթուն պահում մեր ազգային կոդը, հայի զարկերակը»,- ասաց վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները