Թերացումները կողքից ավելի շուտ է նկատվում. Արա Բաբլոյան
2013 և 2014 թվականներին «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչներով իրականացվել է 110 ստուգում։ Այս մասին ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնի մասնագետների կողմից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարվող ուսումնասիրությունների արդյունքներն ու դրանց արդյունավետությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Ուշադրության կենտրոնում են եղել բուժօգնության կազմակերպման և ծավալների համապատասխանությունը, մատուցված ծառայությունների որակի ապահովումը, ստացված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը և պայմանագրով ամրագրված այլ պահանջների կատարումը։ Բացահայտված խախտումների և թերացումների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ։
ՊԱԳ-ի պետ Սարո Ծատուրյանը հավելել է, որ վերահսկողության բաժնի գործառույթը ՊԱԳ-ի կողմից իրականացվող վերահսկողության փոքր մասն է կազմում. «Դա կատարվում է ամենօրյա ռեժիմով` բժշկական հիմնարկներից հաշվետվությունների ընդունման ընթացքում։ Բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում և շատ թերություններ վերացվում են հենց այդ ժամանակ»։
Նա նաև ներկայացրել է, որ պլանային ստուգումներից բացի մեծ ծավալի արտապլանային ուսումնասիրություններ ևս կատարվում են։ Նման անհրաժեշտություն է առաջանում հատկապես նոր ծրագրերի ներդրման ժամանակ։ Ներկայացվել են նաև ինչպես ստուգվող բժշկական կազմակերպությունների, այնպես էլ հիվանդության պատմագրերի ընտրության սկզբունքները։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է մշակել ստուգաթերթեր, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ու համակարգված լինեն։ «Այս ուղղությամբ նախարարությունում մեծ աշխատանք է տարվում, օրենսդրական դաշտն է հստակեցնում։ Սա հստակ և խիստ մոտեցումներ ցուցաբերելու հիմք է ապահովում»,-ասել է նախարարը` խորհրդակցությանը մասնակցող ՊԱԳ վերահսկողության բաժնի աշխատակիցներին հանձնարարելով առավել կտրուկ լինել հերթագրման կարգի պահպանման հարցում։
«Անգամ ամենազարգացած երկրներում հերթագրումներ են կատարվում։ Սակայն դա պետք է լինի արդար և թափանցիկ»,-ասել է Արմեն Մուրադյանը` նշելով, որ բուժհիմնարկների ղեկավարներն անձամբ պետք է հսկեն հերթագրման հաստատված կարգի ապահովումը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված տարբեր ծրագրերի որակի ապահովման, պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ ծախսման, ստուգումների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի առթիվ իր տեսակետը հայտնել է նաև Արա Բաբլոյանը։
«Ստուգումներն օգտակար են թեկուզ այն պատճառով, որ ամենօրյա աշխատանքում միշտ հնարավոր է սխալվել, իսկ թերացումները կողքից ավելի շուտ է նկատվում»,-ասել է Արա Բաբլոյանը։ Նա կարևորել է հատկապես պետական միջոցների արդյունավետ ծախսումը, տարբեր ծրագրերի ծավալների նույնականացումը։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է, ամիսը մեկ անգամ ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում