ՀԷՑ-ը հաստատում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեց, որ Վոլգոգրադից ռուս աշխատակից են հրավիրել ընկերությունում աշխատելու: Ընկերության լրատվության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Թորիկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Վոլգոգրադից հրավիրված անձը անվտանգության տեխնիկայի տեսուչ է:
Սակայն ՀԷՑ-ի ներկայացուցիչը կտրուկ հրաժարվեց նշել նոր աշխատակցի աշխատավարձի չափը` վկայակոչելով Սահմանադրության 23-րդ հոդվածը:
«Առանց անձի համաձայնության, չենք կարող հրապարակել տեղեկատվություն դրամական միջոցների մասին», -ասաց ՀԷՑ ներկայացուցիչը:
Ի դեպ, ՀԷՑ-ից դեռ չեն պատասխանել մեր հարցին, թե որքա՞ն է կազմում ընկերության վարչական մասի աշխատակիցների միջին աշխատավարձը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վոլգոգրադից հրավիրված նոր աշխատակիցը Հայաստանի ՀԷՑ-ում ստանալու է 2 մլն 200 հազար դրամ աշխատավարձ: Այս լուրը բուռն քննարկման պատճառ դարձավ` քաղաքացիները տարակուսանքի մեջ էին` ինչպես է, որ ՀԷՑ-ը պատճառաբանում է, թե վնասներով է աշխատում և դրանով պայմանավորված բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց իր աշխատակիցներին հսկայական չափի աշխատավարձեր վճարում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որտեղ այս պահին ուսումնասիրվում է էլեկտրաէներգիայի բարձրացման մասին ՀԷՑ-ի հայտը, չի մեկնաբանում այդ տեղեկությունը: ՀԾԿՀ մամլո խոսնակ Մարիամ Ստեփանյանը Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենք կարող են մեկնաբանել փաստերը:
«Մենք չենք պատրաստվում մեկնաբանել լուրի կարգով տարածված հաղորդագրությանը: Մենք փաստաթուղթ պետք է տեսնենք, կարգավորող հանձնաժողովը չի մեկնաբանում ինչ-որ մեկի գրածը, ինչ-որ մեկի ասածը: Մեզ փաստեր են պետք»,-հավելեց Ստեփանյանը:
Նշենք, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, սակայն, հունիսի 2-ին հայտարարեց, որ սակագինը կբարձրանա, բայց ոչ ՀԷՑ-ի մատնանշած չափով: ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի հետ օրերս հանդիպել էր նաև ԱԺ Հանրապետական խմբակցությունը` հասկանալու որոնք են ՀԷՑ-ի բացատրությունները, հիմնավորումները, որ 17 դրամով թանկացման հայտ է ներկայացրել:
Նախորդող հրապարակում`
Նոր սկանդալ. ՀԷՑ-ը ամսական 2 միլիոնից ավելի աշխատավարձով աշխատող է հրավիրում Վոլգոգրադից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները