Գեներալ Ջազայերի. Իրանն օտարներին թույլ չի տա ռազմական հաստատություններում ստուգումներ կատարել
«Իրանի զինված ուժերն օտարներին թույլ չի տա ռազմական հաստատություններում ստուգումներ կատարել»,-այդ մասին իրանական «Թաբնաք.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ շտաբի պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն օրերս հայտարարեց, որ եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա համաձայն կից արձանագրության՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է կասկած հարուցող բոլոր հաստատությունները մուտք գործելու թույլտվություն ստանան և այնտեղ ստուգումներ իրականացնեն:
Իրանի ԶՈւ ԳՇ շտաբի պետի տեղակալը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, մասնավորապես նշել է. «Մենք ոչ ոքի թույլ չենք տա ստուգումներ իրականացնել ռազմական հաստատություններում:
Անցկացված սոցհարցումների համաձայն՝ Իրանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է այդ ստուգումներին, ուստի ոչ ոք իրավունք չունի գործել հակառակ քաղաքացիների կարծիքին»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն Փարիզում ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է. «Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա համաձայն կից արձանագրության՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է կասկած հարուցող բոլոր հաստատությունները մուտք գործելու թույլտվություն ստանան և այնտեղ ստուգումներ իրականացնեն»:
Հավելենք, որ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, օրերս անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել էր. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները պահանջ են ներկայացրել, որպեսզի ստուգումներ իրականացնեն Փարչինի ռազմական հաստատությունում, սակայն մենք համաձայնություն չենք տվել: Իրանի Իսլամական Հանրապետությունն այդ հարցում շատ պարզ հայտնել է իր տեսակետը և այն փոփոխման ենթակա չէ»:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ թեմայի վերաբերյալ հետևյալ դիրքորոշումն էր արտահայտել. «Բանակցությունների ընթացքում կրկին նոր պահանջներ են հնչում, ասում են, թե պետք է միջուկային ոլորտում աշխատող իրանցի գիտնականների հետ զրույցներ վարեն, այսինքն` հարցաքննություն անցկացնեն: Ես թույլ չեմ տա, որ օտարները մեր գիտնականների հետ հանդիպում ունենան»:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»` Լոզանում արված համատեղհայտարարության համաձայն` միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի: Ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի, իսկ Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի. պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն: