2 օրից հույս ունենք հաղթանակ նշել. Պալաչ
Հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը ինքնաառաջադրված թեկնածու Արթուր Գեղամի Հարությունյանը, որն առավել հայտնի է Պալաչ մականունով, նախընտրական շրջանը նորմալ է գնահատում, «խանգարողներ չկան»:
«Ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում, ես ընդամենը մասնակցում եմ քաղաքապետի ընտրությունների և երկու օրից հույս ունենք հաղթանակ նշել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:
Նշենք, որ քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու` Վահագն Գևորգյանը, որին սատարում է Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և Գագիկ Ծառուկյանը, Էդվին Թադևոսյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը և 2 Արթուր Հարությունյան, որոնք նույն հայրանունն ունեն: Նրանց պարագայում քվեաթերթիկի վրա նշվելու է ծննդյան տարեթիվը, օրն ու ամիսը:
Հարցին, թե չի՞ նեղվում այն փաստից, որ երկու քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչպես նաև գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ պաշտպանելու են նրա մրցակից Վահագն Գևորգյանին, Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ընդհանրապես չեմ նեղվում, ընդհակառակը, դա ինձ օգնում է, որ ես ավելի լավ հաղթեմ»:
Պալաչն ասաց, որ իր նախընտրական շտաբը «շատ լավ է աշխատել», իր անուն-ազգանուն-հայրանունով երկրորդ թեկնածուն իր համար խոչընդոտներ չի ստեղծի, և մարդիկ տեղյակ են` ինչպես նշել քվեաթերթիկի վրա:
«Այն մարդիկ, ովքեր ուզում են ինձ ձայն տալ, հաստատ չեն սխալվի: Այնպես որ նորմալ է», -հավելեց թեկնածուն:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ի՞նչ է պարզել Հարությունյանը, ի՞նչ խնդիրներ ունի աբովյանցին, թեկնածուն պատասխանեց. «Աբովյանցու խնդիրները շատ ու շատ են, մի խնդիր չի, որ հիմա ես ձեզ ասեմ: Ոտքից գլուխ խնդիր է: Մենք գալիս ենք աշխատենք մեր թիմով, որպեսզի մեր բնակչի խնդիրները հոգանք»:
Դիտարկմանը, թե թվում է, թե Գագիկ Ծառուկյանը լուծում է աբովյանցիների խնդիրները, բացում աշխատատեղեր, բայց թեկնածուն ասում է, թե «ոտքից գլուխ խնդր է», Հարությունյանն արձագանքեց. «Ես այս քաղաքում եմ ապրում, դուք այս քաղաքում չեք ապրում: Դուք չեք կարող այդպիսի բան ասել, իսկ ես կարող եմ նման բան ասել: Նման բան չկա, որ Գագիկ Ծառուկյանը այս քաղաքի խնդիրները լուծի: Հարցազրույց արեք պատահական մարդկանց հետ և կիմանաք` օգնե՞լ է այս քաղաքին, թե՞ ոչ»:
Այլ հարցերի թեկնածուն հրաժարվեց պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան