Արման Սահակյանը՝ Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նոր նախագահ
Այսօր՝ հունիսի 6-ին, ընդհանուր ժողով է գումարել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:
Ժողովի օրակարգային հարցերից էին ֆեդերացիայի 2013-2014 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, կանոնադրական փոփոխությունների ու լրացումների մասին զեկույցը, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահի և ղեկավար մարմինների ընտրությունները: Այս մասին հայտնում է մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան:
Հաշվետվությունը ներկայացրել է Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Շարբաթյանը, խոսել կատարված աշխատանքների, մարզադպրոցների գործունեության ու մարզաձևի զարգացման խնդիրների ու հեռանկարների մասին: Ելույթ են ունեցել անվանի մարզիկներ: Հաշվետվությունը բավարար է գնահատվել, ինչից հետո ընդհանուր ժողովն անցել է ընտրություններին:
Նախագահի պաշտոնում առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թեկնածությունը: Արման Սահակյանը ներկայացրել է հասարակական կազմակերպության գործունեության, մարզաձևի զարգացման իր տեսլականը, ըստ որի՝ ֆեդերացիան պետք է անցնի կառավարման առավել արդյունավետ քաղաքականության, միավորի կարող ուժերին և թիմային աշխատանքով ամեն ինչ անի՝ մարզաձևը մեր երկրում ավելի շատ տարածելու և առաջ մղելու համար: Թեկնածուն կարևորել է նաև ֆեդերացայի լայն ինտեգրումը միջազգային համապատասխան կառույցներին, վստահեցրել, որ իր ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար: Քվեարկության արդյունքում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել միաձայն:
Ընտրվել է նաև 24 հոգուց բաղկացած նախագահություն, քննարկվել են կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր: Ընդհանուր ժողովի պատվավոր հյուրերն են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք, մարզական մյուս ֆեդերացիաների նախագահներ, մարզաշխարհի վաստակաշատ ներկայացուցիչներ: