Բախշյան. Ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը
«Բարև Երևան» խմբակցությունը 2015թ. Երևանի բյուջեում ունեցել է 17, իսկ 2015թ. Երևանի զարգացման ծրագրում` 8 առաջարկություն: Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրությունում ասված է, որ բյուջեի 17 առաջարկություններից 2-ն արդեն իրականացվել են, մասնավորապես Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակ մայրուղուց դեպի Սևակի 2-րդ շենք տանող 100մ. փողոցի ասֆալտապատումը, իսկ որոշները` ընթացքի մեջ են, մի քանիսն էլ ի սկզբանե մերժվել են, ինչպես օրինակ Էրեբունի վարչական շրջանի մանկական պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգումը:
«2015թ. Երևանի զարգացման ծրագրում արված 8 առաջարկություններից 4-ն արդեն իրականացվել են, որոնցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երևանի ենթակայության նախադպրոցական և հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, մասնավորապես Երևանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը:
Ինչպես նաև արդեն ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը, որը քաղաքապետի հանձնարարությամբ կգործարկվի ս.թ. սեպտեմբերի 1-ից, մինչ այդ այն մանկապարտեզները, որոնք դեռևս տեխնիկապես զինված չեն, կհամալրվեն: Երևանի քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի և Հայաստանի համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ նման տեղեկատվություն հրապարակում:
Զարգացման ծրագրում առաջարկվել էր նաև ավարտին հասցնել նախկինում սեփականաշնորհված, ապա 2014-ին համայնքին վերադարձված Էրեբունու Ազատամարտիկների այգու 1000ք.մ. տարածքը, որն արդեն իրականություն է և ամբողջությամբ ծառայում է բնակիչներին:
«Բարև Երևան» խմբակցությունն այսուհետ էլ հետամուտ է լինելու Երևանի բյուջեում և զարգացման ծրագրում ընդունված իր առաջարկություների իրականացման ընթացքին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան