Քրդամետ կուսակցությունը կոալիցա չի կազմելու Թուրքիայում իշխող կուսակցության հետ
Խորհրդարան անցած Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) հետ ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմի:
Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվակայքը, Դեմիրթաշը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը բոլորովին ժողովրդավարական պայմաններում չի անցել, բայց Թուրքիայի աղքատ և աշխատավոր զանգվածը հրաշալի հաղթանակ է տարել իշխող կուսակցության նկատմամբ, որն օգտագործում էր իր բոլոր վարչական ռեսուրսները:
«Մենք տեր ենք բոլոր այն խոստումներին, որ տվել ենք հարթակներում և հրապարակներում: ԺԴԿ-ն արդեն իրապես Թուրքիայի կուսակցությունն է: Թուրքիայում նախագահական համակարգի, դիկտատորության թեման այլևս փակված է: Թուրքիան անդունդի եզրից ետ շրջվեց: Այս հաղթանակը միայն ԺԴԿ-ինը չէ, ողջ Թուրքիայինն է: Հաջորդ շրջանում կպայքարենք միանձնյա իշխանության գալու համար»,-ասել է Դեմիրթաշը:
Դեմիրթաշը նաև ընդգծել է, որ այդ հաղթանակը Թուրքիայի բոլոր թուրքերի, քրդերի, բոլոր ազգային փոքրամասնությունների, բոլոր ճնշվածների, ընդհանուր առմամբ բոլոր ձախերի, և հատկապես բոլոր կանանց համատեղ հաղթանակն է: