Ցուցադրված հնագույն ջութակներից մեկը ամբողջ տարով կտրամադրվի խաչատրյանական մրցույթի դափնեկրի
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկին Del Gesu հիմնադրամը որպես հատուկ մրցանակ 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրամադրի Երևանում հազվագյուտ ջութակների ցուցահանդես ցուցադրված գործիքներից մեկը՝ J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը: Այս մասին տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշել է, որ այս ցուցահանդեսը մշակութային մեծ իրադարձություն է, և հանրությունը կարողացել է ծանոթանալ աշխարհահռչակ վարպետների ստեղծած գործիքներին:
Del Gesu հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Դիմիտրեսկուն էլ նշել է, որ իրենք ուրախ են լինել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մի մասնիկը:
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում հունիսի 7-ին և 8-ին գործել է 18-19-րդ դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես-վաճառք։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել է Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակները։ Del Gesu հիմնադրամի հավաքածուում առկա է շուրջ 150 գործիք, որոնցից Երևանում ներկայացված են 8-ը:
Del Gesu հիմնադրամը լարային գործիքներ ներկայացնող մասնագիտացված կառույց է, որի հիմնական առաքելությունն է աջակցել առավել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց կարիերայում լավագույն արդյունքի հասնելու համար լավ գործիքի կարիք ունեն։ Հիմնադրամը համագործակցում է մասնավոր կոլեկցիոներների և շնորհալի երիտասարդ արվեստագետների հետ՝ օգնելով կազմակերպել փոխշահավետ գործակցություն վերջիններիս միջև: Հիմնադրամում համոզված են, որ լավ գործիքի արժեքն էլ ավելի է մեծանում, երբ այն հնչում է բարձրակարգ երաժշտի ձեռքում։ Իսկ երիտասարդ տաղանդներն էլ միշտ մեկենասների կարիք ունեն:
Նախորդող հրապարակումներ՝
Երևանում ներկայացվեցին Ստրադիվարիուսի, Գալիանոյի և այլ վարպետների հնագույն ջութակները (լուսանկարներ)
«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին