Թուրքագետ. Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված չէ
Panorama.am-ի հետ զրույցում Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
-Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Արդյունքներն ինչպիսի՞ն են:
-«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց այն առումով, որ նախնական տվյալներով, չի ապահովում անհրաժեշտ մեծամասնություն միակուսակցական կառավարություն կազմելու համար: Սա ԱԶԿ-ի կառավարման 13 տարիների ընթացքում առաջին պարտությունն էր, ինչը Թուրքիայում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծում: Այս ընտրություններում պարտվողը ԱԶԿ-ն էր, իսկ հաղթողը՝ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը կարողացավ ոչ միայն հաղթահարել նվազագույն շեմը, այլև ապահովեց գրեթե 13 տոկոս ցուցանիշ՝ ըստ նախնական արդյունքների: Ըստ այդմ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված կլինի 80 մանդատով, այստեղ առավել ուշագրավ է այն, որ թուրքական խորհրդարանում ներկայացվածությամբ հիմնական ըննդիմադիր հանդիսացող երրորդ ուժը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ևս նույնքան մանդատ ունի: Սրանք, շեշտում եմ, որ նախնական արդյունքներն են, տվյալներն էլ դեռևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հրապարակել, հնարավոր են որոշակի անճշտություններ ու փոփոխություններ, սակայն ընդհանուր առմամբ պատկերն այսպիսին է՝ պարտվողը ԱԶԿ-ն է, իսկ հաղթանակածը՝ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
-Ասում եք քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում:
-Կարծում եմ, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ԱԶԿ-ն չկարաողանալով միայնակ կառավարություն կազմել, պետք է բանակցի մյուս ուժերի հետ կոալիցիոն կառավարության ստեղծման համար: Սակայն այստեղ էլ մշուշոտ է, քանի որ ընդդիմադիր մյուս ուժերն ավելի վաղ հայտարարել են, որ կոալիցիայի չեն գնալու, չնայած ոչինչ էլ բացառել չի կարելի: Այդուհանդերձ հիմնական ելքը մնում է կոալիցիոն կառավարության կազմումը, այս համատեքստում կարծում եմ, բուռն քննարկումներ կլինեն առաջիկայում: Չի բացառվում նաև արտահերթ ընտրությունների անբցկացումը, քանի որ կոալիցիոն կառավարության քննարկումներում, եթե մյուս ուժերը չցանկանան կոալիցա կազմել ԱԶԿ-ի հետ, ապա Սահմանադրությամբ երկրի նախագահին ցերապահված է լիազորություն: Եթե 45-օրյա ժամկետում կառավարություն չի ձևավորվում կամ կառավարությունը վստահության քվե չի ստանում, ապա Սահմանադրության համաձայն, Էրդողանը կարող է ցրել այդ գումարման խորհրդարանը և արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացնել: Կարծում եմ, առաջիկայում Թուրքիայում թեժ քննարկումներ են լինելու:
-Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է հավանական:
Կարծում եմ, եթե տեսականորեն որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու տեսական հնարավորություն լինի, կարծում եմ, կոալիցիան երկար չի գոյատևի: Թուրքիայի պատմության մեջ միշտ կոալիցիոն կառավարության շրջանները քաղաքական առումով եղել են շատ անկայուն և մեծ հաշվով դրանք երկար կյանք չեն ունեցել: Այդ առումով չեմ բացառում, արտահերթ ընտրությունների անցկացումը:
-Ինչի՞ հաշվին կարողացավ հաղթանակ ապահովել Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
-Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն իր ձայները կարողացավ ապահովել ԱԶԿ կորցրած քվեների հաշվին: Երբ տարբեր ռեսուրսներում հրապարակվում էին արդյունքները, ԱԶԿ-ի ձայները նվազում էին, դրա հաշվին բարձրանում էին միայն Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմ ձայները: Այս ուժի հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն քրդեկան գործոնով, այլ ճկուն քարոզարաշավի ընթացքում նրանք հայտարարում էին, որ ներկայացնելու են ոչ միայն Թուրքիայում ապրող քրդերին, այլև ազգային ու կրոնական մյուս փոքրամասնություններին՝ և հատկապես ազատականներին, լիբերակներին ու ձախերին: Եթե նախկինում սրանց մեծ մասն աջակցում էր ԱԶԿ-ին՝ որպես բարեփոխումներ իրականացնող ուժ, սկզբում ԱԶԿ-ին այդպիսի ուժ էին ընկալում, իսկ վերջին տարիներին այդ միտումն ամբողջովին փոխվեց:
Թուրքիայի խորհրդարան անցած հայերի ազդեցության մասին հարցի պատասխանը կարդացեք այստեղ: