Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մյուս տեղակալը ևս ձերբակալվեց
«Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալը ձերբակալվել է»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի գլխավոր դատախազ Մոհսենի Էժեին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ձերբակալվել է ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Համիդ Բաղային:
Ձերբակալության պատճառների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին էլ դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որին մեղադրանք էր առաջադրվել ֆինանսական չարաշահումներ կատարելու համար: ԻԻՀ նախկին նախագահի առաջին տեղակալը դատապարտվել էր 5 տարի 91 օրվա ազատազրկման:
Հավելենք նաև, որ 2012թ.-ին Ահմադինեժադի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական, պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն՝ Ալի Աքբար Ջավանֆեքրը, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու, իսլամական սկզբունքների դեմ նյութեր հրապարակելու մեղադրանքով Իրանի հեղափոխական դատարանի կայացրած վճռի համաձայն՝ դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման: