Գևորգ Կոստանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին
«Դրանք իրենց հիմքում չունեն ոչ միայն տրամաբանություն, այլև չունեն բարոյականություն և դուրս են անգամ էլեմենտար աշխարհայացքի սահմաններից՝ անկախ մասնագիտությունից և մասնագիտացումից»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում լրջագույն փորձության է ենթարկում պատգամավորների համբերությունը, հայտարարում, թե պատգամավորներն իրավաբանությունից չեն հասկանում:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Գ.Կոստանյանի ժեստիկուլյացիայից. «Ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք և օգտագործեք ըստ նշանակության, ի՞նչ է նշանակում պատգամավորը հարց տա, վրան ցուցամատով մատ թափ տաք»:
Գ.Կոստանյանը նշեց, որ պատգամավոր չէ, որևէ մեկը չի կարող իրեն նկատողություն անել. «Ես կարծում եմ, որ ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և դա դասագրքում էլ է գրված: Կլինի դա պառլամենտում կամ որևէ այլ տեղ, ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերակցվելու միջոց է: Տարբերություն չկա, թե այդ ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում: Անգամ տարօրինակ չէ, ապշեցուցիչ է, որ դա ընդհանրապես դառնա ոչ միայն քննարկման առարկա, այլև քննադատության: Իմ խորին համոզմամբ, եթե անգամ վիկիպեդիան կարդաք, կտեսնեք ժեստիկուլյացիայի դրսևորման ձևերը և եղանակները, և դա չի վերաբերում բառերը չհերքելուն: Կարծում եմ, որ եթե հետևեիք իմ ելույթին, իմ խոսքերին, ապա ինքներդ կտեսնեք՝ չկա այնպիսի իրավիճակ, որ իմ բառերը չհերիքեն»: