ՀՀ-ում ձեռներեցությամբ զբաղվող կանայք մեծ պոտենցիալ ունեն. Մարի Քրիստին Օղլի
Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվող կանայք շատ մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մարի Քրիստին Օղլին` այսօր մեկնարկած Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթ համաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով՝ այն խնդիրները, որոնց կանայք հանդիպում են Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու համար, առկա է նաև Եվրոպայում:
Անդրադառնալով համագործակցության ոլորտներին, նա նշեց, որ համագործակցություն տեսնում է հիմնականում էներգոդաշտում, մշակույթի ոլորտում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Կին ձեռներեցների ցանցի անդամ Իրինա Իսրայելյանը, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հյուրատան ձեռներեցությամբ է զբաղվում՝ նշեց, որ իր բիզնեսի զարգացման համար ուշադրությունը շատ մեծ էր քեմփինգի նկատմամբ՝ շեշտելով, որ Եվրոպան նախընտրում է բնության հետ առնչվելը»:
Նա նկատեց, որ միայն սեփական ուժերով ինչ-որ բիզնես սկսելու համար շատ մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ ՀԵԿԱ-ի անդամ լինելով անընդհատ հնարավորություն է ընձեռնվում տեղեկատվություն ունենալ գործող տարբեր ծրագրերի, վարկերի և դրամաշնորհների մասին՝ ձեռներեցությունը զարգացնելու համար:
«ՀԵԿԱ-ն կազմակերպել է թրեյնինգներ, որի ընթացքում մենք կարողացել ենք ներկայացնել բիզնես ծրագրեր, որոնք քննարկման են ենթարկվել, հավանության արժանանալուց հետո՝ ֆինանսավորվել Եվրամիության կողմից: Իմ ծրագիրն էլ հավանության արժանացավ և ֆինանսավորվեց ԵՄ կողմից»,-նշեց Ալավերդիում գործող հյուրատան ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ իր բիզնեսը կաշխատի:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը, որը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
Երևանյան շաբաթի ընթացքում կանցկացվի միջազգային համաժողով, էքսպո ցուցահանդես և մի շարք այլ ճանաչողական ծրագրեր:
Նախորդող հրապարակումներ՝
«Առնվազն կրկնապատկելու տեղ ունենք». Վ. Գաբրիելյանը՝ կանանց ձեռներեցության մասին
Մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը (լուսանկարներ)