«Իմ հայկական արյունը խոսում է իմ մեջ». Քշիշտոֆ Պենդերեցկի
Կաննում անցկացվող MIDEM փառատոնի շրջանակներում Panorama.am-ի թղթակիցը զրուցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ:
Պենդերեցկին մասնակցում էր MIDEM փառատոնի հայկական երեկոյին՝ որպես պատվավոր հյուր:
Այն հարցին, թե ինչ է հարկավոր, որպեսզի հայ երաժշտությունն ու հայ երաժիշտները կարողանան ավելի լավ ներկայացված լինել Եվրոպայում, Պենդերեցկին ասսց. «Եվրոպան ներկայումս գնալով ավելի ու ավելի փակ է դառնում և ավելի դժվարությամբ է ընդունում այլ երկրների արվեստագետների` այդ թվում երաժիշտների: Ես կարողացա հաջողել, քանի որ սկսել եմ իմ կարիերան 1950-ականներին, բայց հիմա շատ ավելի դժվար է հայ երիտասարդների համար, մարտահրավերները շատ են»:
Խոսելով «Հովեր» երգչախմբի մասին, որի համերգը տեղի էր ունեցել MIDEM փառատոնի շրջանակներում, Պենդերեցկին նշեց.
«Ես լավ գիտեմ այդ երգչախումբը: Դա ամենալավ կամերային երգչախումբն է աշխարհում, որ ես տեսել եմ, իսկ ես հազարավոր երգչախմբեր եմ տեսել»:
Այն հարցին, թե հատկապես որ ոճի երաժշտությունն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհին, Պենդերեցկին առանձնացրեց դասական երաժշտությունը, և հատկապես դրա համադրությունը էթնիկ երաժշտության հետ. «Օրինակ երբ Հովերը համադրում է ժամանակակից երաժշտությունը Կոմիտասի ստեղծագործությունների հետ, դա շատ լավ է ներկայացվում»:
Պենդերեցկին նաև ասաց, որ հաճախ է այցելում Հայաստան, և որ իր հայկական արյունը խոսում է իր մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան