«Ռոստելեկոմը» մրցանակներ է շնորհել «Ոզնի» մրցույթի հաղթող դպրոցականներին
Երևան Էքսպոյի շենքում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) հունիսի 6-ին ամփոփվել են դպրոցականների շրջանում անցկացվող «Ոզնի 2015» համակարգչային մրցույթի արդյունքները։
Հաղթող երեխաներին պատվոգրեր և մրցանակներ են հանձնել ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը, տեղեկացնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ռոստելեկոմի» անունից ընկերության ղեկավարը շնորհավորել է բոլոր մասնակիցներին և հաղթողներին։ Նա ընդգծել է նմանօրինակ մրցույթների կարևորությունը համակարգչային գրագիտության բարձրացման և դպրոցահասակների կողմից նոր տեխնոլոգիաների նպատակային օգտագործման հարցում։
«Համոզված եմ՝ դպրոցահասակների կողմից համակարգչային ծրագրերի տիրապետումը նրանց առավել ճկուն կդարձնի և հնարավորություն կտա ապագայում հաջողությամբ շարունակել կրթությունը բուհերում և մրցունակ մասնագետ դառնալ։ Կարող ենք փաստել, որ արդեն իսկ գիտելիքների ստացման ու կատարելագործման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև գերարագ ինտերնետ հասանելիությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։
2015թ․ եզրափակչին մասնակցել են 328 աշակերտներ 28 երևանյան և 53 մարզային դպրոցներից։
Հայաստանում «Ռոստելեկոմն» իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում ակտիվ գործունեություն է ծավալում հանրակրթական, բուհական և հետբուհական կրթության զարգացման ուղղությամբ։
«Ոզնի» մրցույթի աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «Ռոստելեկոմը», այլ կառույցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա